Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի փոխնախագահը «շատ անհասկանալի» է համարում առաջին նախագահի հարցադրումը


Ռազմիկ Զոհրաբյան
Ռազմիկ Զոհրաբյան
«Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական գործընկերն է, եւ որեւէ էական փոփոխություն դրա մեջ չկա», - հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:

Ուրբաթ օրը կայացած հանրահավաքում իր ելույթում Տեր-Պետրոսյանը նշել էր, մասնավորապես, որ Հայաստանը կորցնում է Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը, եւ որ Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ձեւաչափ է առաջանում` ռուս - թուրք - ադրբեջանական, որը գալիս է փոխարինելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Հայաստան - Ռուսաստան ռազմաբազայի պայմանագիրը երկարացվեց, որտեղ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը»: «Եվ քանի որ նաեւ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, ապա ստացվում է այսպես` իրենք երաշխավորում են Հայաստանի անվտանգությունը, մենք երաշխավորում ենք Ղարաբաղի անվտանգությունը», - կարծում է հանրապետական պատգամավորը:

«Այստեղ ստրատեգիական պարտնյոր հավասարություն նույնիսկ չկա էլ Ադրբեջանի հետ: Իհարկե, նրանք հայտարարել են, որ Ադրբեջանը նույնպես Ռուսաստանը համարում է ստրատեգիական իրեն գործընկեր, բայց, իհարկե, այդ հավասարությունը այդքան էլ հավասար չի, եւ դա դրական սալդոյով Հայաստանի կողմն է», - պնդեց իշխող կուսակցության փոխնախագահը` հավելելով. - «Ես խնդիրներ չեմ տեսնում Հայաստանի համար, որովհետեւ սա ընդամենը իր [Լեւոն Տեր-Պետրոսյանի] մոտ գեղարվեստական ձեւակերպում է` տարածաշրջանի հետ կապված, իսկ այն, ինչ իրականում կա` կոնկրետ նժարի վրա դրված, հաշվարկված ձեւաչափեր են»:

Տեր-Պետրոսյանը իր ելույթում Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող վտանգների հաղթահարման միակ ելքը համարեց իշխանափոխությունը, ինչպես նաեւ ասաց, թե սպառված չի համարում իշխանությունների հետ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը, սակայն երկխոսությունը կարող է վերաբերել միայն մեկ հարցի` խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանության փոխանցմանը ժողովրդին, ինչը հնարավոր է իրագործել միայն արտահերթ ընտրությունների միջոցով. սկզբում` նախագահական, հետո` խորհրդարանական:

«Դուք պատրա՞ստ եք նման երկխոսության», - այս հարցին Ռազմիկ Զոհրաբյանը արձագանքեց. - «Առաջին նախագահի հարցադրումը շատ անհասկանալի է, երբ ինքը ասում է` երկխոսության ճանապարհը արտահերթ ընտրություններն են, իշխանափոխությունն է: Այլապես ո՞ւմ հետ է երկխոսելու, եթե իշխանափոխություն պիտի լինի, եւ մենք չլինենք: Իրենք նախկինում հայտարարում էին, որ գնում են ընտրությունների սահմանադրական ճանապարհով, այսինքն` ոչ հեղափոխական եւ այլն, իսկ հիմա ասում են` իշխանափոխություն: Այսինքն, ո՞ւմ հետ է երկխոսելու, եթե մեզնից պահանջում են հրաժարական ուղղակի ձեւով»:

«Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության, որը որ վերաբերում է իշխանափոխությանը, իսկ իշխանափոխությունը ես պատկերացնում եմ սահմանադրական ճանապարհով, իր ժամկետին, այսինքն` 2012 թվականին [խորհրդարանական հերթական ընտրություններին], ով կգա` 50 պլյուս 1 կհաղթահարի, նա էլ կհաղթի», - ասաց Հանրապետականի փոխնախագահը` ամփոփելով. - «Ես այսպես եմ տեսնում ճանապարհը իշխանափոխության: Այլ ձեւով իշխանափոխություն մենք չենք ընդունում, եւ արտահերթ ընտրությունների հեռանկար մենք չենք տեսնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG