Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո պատարագ մատուցվեց


Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավելի քան 95-ամյա դադարից հետո Հայ Առաքելական եկեղեցու պատարագ մատուցվեց։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակիցը Վանից հաղորդեց, որ պատարագը մատուցել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը։

Պատարագի արարողությանը ներկա լինելու համար Վան էին ժամանել ավելի քան հազար հայեր։

Պատարագին ներկա էին Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վանի քաղաքապետը։

Թուրքիայի կառավարությունը 10-րդ դարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելու նպատակով ծախսել է շուրջ 1,5 միլիոն դոլար։ Վերականգնվելուց 3 տարի հետո, սակայն, եկեղեցու գմբեթը շարունակում է մնալ առանց խաչի. Թուրքիայի կառավարությունը եկեղեցին հռչակել է թանգարան։

Հույս ունենալով հազարավոր հայ ուխտավորների հրապուրել Վան եւ Աղթամար, ինչպես նաեւ բարի կամքի արտահայտություն ցուցադրել ամբողջ աշխարհին՝ պաշտոնական Անկարան այս տարի թույլատրեց Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցել։

Նախապես պատարագին մասնակցության համաձայնություն էր տվել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Սակայն սեպտեմբերի սկզբին Մայր Աթոռը առկախեց պատարագին իր ներկայացուցիչների մասնակցությունը այն հիմնավորմամբ, որ Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին օծված խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանությունների կողմից «անհիմն պատճառաբանությամբ հետաձգվել է»:

Սուրբ Էջմիածնի այս արձագանքին հետեւեց հայկական որոշ տուրիստական գործակալությունների հայտարարությունը այն մասին, որ չեղյալ են հայտարարվում Սուրբ Խաչ եկեղեցի հայ զբոսաշրջիկների նախապես հայտարարված ուղեւորությունները:

Հայաստանի մշակույթի նախարարությունը եւս որեւէ ձեւաչափով չի մասնակցում Աղթամար կղզում կայանալիք միջոցառումներին: Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախարարությունը թուրքական կողմից պաշտոնական հրավեր չի ստացել:

Արդյունքում՝ պատարագին մասնակցելու համար Վան ժամանած հայերի թիվը հազարից չի անցնում։ Կան այցելուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, սակայն Աղթամար ժամանած ուխտավորների մեծամասնությունը ստամբուլահայեր են։

«Գարեգին Վեհափառը պիտի գար», - Աղթամար կղզում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ստամբուլահայ ուխտավորներից մեկը։ - «Եթե այստեղի հայության՝ իր համայնքի համար սգում էր, թող գար։ Թող հայտներ, որ ինքը նաեւ այստեղի հայության տերն է։ Մի օր խաչը կդրվի՝ դա այդքան կարեւոր չէ։ Հարյուր տարի է այս եկեղեցին խաչ չունի։ Ինչ է, մարդիկ ուզում էին, որ այս եկեղեցին չվերանորոգվեր եւ կործանվե՞ր», - հարցնում էր մեր զրուցակիցը։

«Տասը տարի առաջ ես նույնիսկ չէի համարձակվի երազել, որ պատարագ կարող է մատուցվել Աղթամարում», - պատարագից առաջ թուրքական Hurriyet թերթին ասել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը՝ կարծիք հայտնելով, որ Թուրքիայում զգալիորեն բարելավվել է ժողովրդավարության եւ փոքրամասնությունների իրավունքների հետ կապված իրավիճակը։ - «Տասը տարի առաջ նաեւ հնարավոր չէր այսպես ազատորեն խոսել ցեղասպանության, կամ մարդու իրավունքների մասին»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG