Մատչելիության հղումներ

«Պատերազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի չէ»


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական կողմը կարծում է, որ պատերազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի չէ:

«Կա պատուհան քաղաքական երկխոսության համար, խնդիրները խաղաղ ճանապարհով, երկու կողմերի համար փոխընդունելի հիմքով կարգավորելու համար: Եթե պաշտոնական Բաքուն փակում է այդ ճանապարհը, ապա հետագա հավանական իրադարձությունների համար ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա», - ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով, լարվածություն շփման գծում միշտ է եղել, պարզապես երբեմն այն ցայտուն է դրսեւորվում նաեւ քաղաքական իրավիճակի վրա. - «Այսօր, քանի որ Ադրբեջանի առջեւ դրված է խնդիր` ընդունել կարգավորման հայեցակարգը ամբողջությամբ, նման գործողություններով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ներշնչել, որ իր համար ոչ ընդունելի տարբերակի պարտադրման դեպքում հնարավոր է, որ տարածաշրջանում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»:

«Կարծում եմ, այն իրողությունը, որ 1994 թվականից ի վեր շփման գծում մեկ մետր տեղաշարժ հօգուտ Ադրբեջանի չի արձանագրվել, ինքնին խոսում է այն մասին, որ ուժերի հարաբերակցությունը պահպանվում է, եւ իրավիճակի հնարավոր ապակայունացման դեպքում պետք է համոզված լինել, որ Ադրբեջանի զինված ուժերը կործանիչ հակահարված ստանալու են», - եզրափակեց նա:

Անդրադառնալով սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներ փաստահավաք առաքելությամբ ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի համանախագահների այցին` Աթանեսյանը ասաց. - «Համանախագահները անում են իրենց գործը… Բայց այդ նույն համանախագահները որեւէ քայլ Լեռնային Ղարաբաղի իրավազորության տակ գտնվող տարածքներում չեն կարող իրականացնել, եթե չլինի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը»:

XS
SM
MD
LG