Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 18-ի մամուլ


Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը` «Ժամանակ»-ը գրում է. - «Դժվար է ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի որ մասը ում համար ինչքան էր անակնկալ, սակայն որ դրանում առկա էին նոր շեշտադրումներ, որոնք կարող են նոր ընթացք տալ ոչ միայն Կոնգրեսի պայքարին, այլ նաեւ ներքաղաքական զարգացումներին` կարծես թե աներկբա է: Խոսքը նախեւառաջ այն մասին է, որ Կոնգրեսի առաջնորդը հայտարարել է Ղարաբաղի հարցում իշխանության որեւէ լուծում չընդունելու մասին, եթե դրա համաձայնեցմանը չի մասնակցել Ղարաբաղը եւ չկա Ղարաբաղի ստորագրությունը: Այլ կերպ ասած` ընդդիմությունը հետ է քաշվում Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանին չկաշկանդելու մարտավարությունից եւ որոշակիորեն կոշտացնում իր վերաբերմունքը դրա նկատմամբ: Ամիսներ ու նույնիսկ տարիներ շարունակ, սկսած 2008 թվականի հոկտեմբերի 17-ից, ընդդիմությունը փաստացի ազատ էր արձակել Սերժ Սարգսյանի ձեռքերը` նրան հնարավորություն տալով Ղարաբաղի հարցում վարել անբռնազբոս քաղաքականություն եւ անկաշկանդ հետապնդել Հայաստանի եւ Ղարաբաղի շահը: Սակայն իշխանությունն ընդդիմության այդ անուղղակի գործակցության ժեստը ոչ միայն մերժեց, այլ դրա մեջ նկատեց նույնիսկ ընդդիմության թուլություն: Եվ ահա այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թերեւս, մեծահոգության ժամանակը համարում է սպառված` տեսնելով, որ այդ մեծահոգությունը Սերժ Սարգսյանն օգտագործում էր ոչ թե Հայաստանի եւ Ղարաբաղի, այլ սեփական շահի սպասարկման համար»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին է անդրադարձել նաեւ «Չորրորդ ինքիշխանություն»-ը. - «Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը զուտ արտաքին դրսեւորումների առումով, պիտի պատասխաներ առնվազն երկու հարցի: Առաջին` արդյո՞ք ամառային պասսիվությունը չի անդրադարձել Կոնգրեսի համակիրների թվի եւ վճռականության վրա, եւ երկրորդ` արդյո՞ք իշխանությունների վախը գոնի մի քիչ նվազել է: Երկու հարցերն էլ իրենց պատասխանները ստացան: Հանրահավաքը նույնքան մարդաշատ էր, որքան նախորդը, իշխանություններն էլ ճիշտ նույն եռանդով փակել էին Երեւան մտնող ճանապարհները: Մի խոսքով, այս իմաստով ոչինչ չէր փոխվել: Իսկ ահա ելույթների շեշտադրումները փոխվել էին: Պարզ ասած` ավելի վճռական էին դարձել: Խոսքը, բնականաբար, առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին է, որից մասնավորապես պարզ դարձավ, որ իշխանությունների հետ հնարավոր երկխոսության հարցում Կոնգրեսի դիրքորոշումը կոշտացել է»:

«Առավոտ»-ը շարունակում է ուշադրության տակ պահել ընդդիմության մշակած ՄԱԿ-ի բանաձեւի նախագիծը, որը, հիշեցնենք, շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական նախաձեռնություններին հակադրվելու համար: Թերթի խմբագրականում կարդում ենք. - «Երբ Հայ ազգային կոնգրեսը առաջարկեց ՄԱԿ-ի բանաձեւի իր նախագիծը, մնացած քաղաքական ուժերն այդ փաստաթուղթը քննադատեցին` թույլ տեքստ է, կարելի էր ավելի խիստ գրել: Դա շատ խորաթափանց դիտողություն է` գրել կարելի է ամեն ինչ: Օրինակ, ՄԱԿ-ի բանաձեւի նախագծում կարելի է ներառել ցիտատներ առաջին դարի հույն պատմաբան Ստրաբոնից, որոնք վկայում են, որ Արցախը հայկական հող է: Այդ բանաձեւում պետք է անշուշտ հիշատակել նաեւ Կավբյուրոյի որոշումը եւ Սեւրի պայմանագիրը: Հատկապես ՄԱԿ-ում Տրինիդադի եւ Տոբագոյի պատվիրակության համար Կավբյուրոն շատ հոգեհարազատ կհնչի: Էլ չենք ասում, որ այդ բանաձեւում պետք է անպայման պահանջել Արեւմտյան Հայաստանի մեր պատմական հողերը: Այ, այդ դեպքում դա կլիներ ուժեղ, տղամարդկային փաստաթուղթ»: «Տղամարդկության ամբողջ գաղտնիքը պահանջելու մեջ է: Ինչքան շատ պահանջես, այնքան խիզախ ես», - հեգնում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը:

«Հրապարակ»-ին հարցազրույց է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Լրագրողի դիտարկմանը, թե ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ուզում է կրճատել Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, Սաֆարյանը արձագանքում է. -«Ես առաջին անգամ դա ձեզնից եմ լսում, որ հիմիկվանից պլաններ կա կրճատելու Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայությունը: Ժողովուրդն է որոշելու, ընտրություններն են որոշելու: Կգա ընտրությունների ժամանակը, կանցկացնենք սոցիոլոգիական հարցումներ, կորոշենք մեր իրական հնարավորությունները եւ համապատասխան կազմակերպչական աշխատանքով կգնանք ընտրությունների»: Հարցին, թե հավատում է արդար ընտրությունների, Արամ Սաֆարյանը պատասխանում է. -«Ես կարծում եմ, այս ընտրությունները` ուզեն-չուզեն, լինելու են ավելի լավը, քան նախորդ ընտրությունները, որովհետեւ մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին գնալով մեծանում է»: Լրագրողը հարցնում է. - «Ազգային ժողովի նստաշրջանի առաջին իսկ նիստից արդեն պարզ է դառնում, որ ամբիոնն օգտագործվում է Գագիկ Ծառուկյանին քննադատելու համար: Դա Ձեզ ոչինչ չի՞ ասում»: Սաֆարյանը արձագանքում է. - «Ես չեմ լսել Ծառուկյանի անունը այդ քննադատության ժամանակ, բայց դրան համարժեք պատասխան տրվել է, եւ շարունակությունն էլ, կտեսնեք, կտրվի նույն քաղաքական` ճիշտ խոսելու մեթոդներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG