Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունների հետ երկխոսության նոր պայման է առաջադրում


Ուրբաթ օրը Երեւանում ընդդիմության անցկացրած հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «հակառակ ասեկոսեներին, իշխանափոխությունը եղել եւ մնում է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր խնդիրը»։

Ղարաբաղյան կարգավորման նոր ձեւաչափ


Իր ելույթում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը կարծիք հայտնեց, որ երկու շաբաթ առաջ Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարությունից՝ ստրատեգիական գործընկերության մասին, կարելի է ենթադրել, որ Հայաստանը կորցնում է Անդրկովկասում Ռուսաստանի միակ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը, եւ ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ձեւաչափ է առաջանում՝ ռուս–թուրք–ադրբեջանական, որը գալիս է փոխարինելու Մինսկի խմբին, որը, Տեր-Պետրոսյանի կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։

«Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այլեւս մանեւրի դաշտ չունի», - եզրակացրեց ընդդիմության առաջնորդը. - «Եթե մինչ այժմ Սարգսյանը կարողացել է ինչ-ինչ խոստումների ու ազգային շահերին հակասող զիջումների գնով սիրաշահել Արեւմուտքին ու դրա շնորհիվ մեղքերի թողություն ստանալ սեփական երկրում գործած անօրինությունների համար, ապա այժմ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգման եւ ռուս–թուրք–ադրբեջանական համագործակցության արդյունքում Այսրկովկասում առաջացած աշխարհաքաղաքական նոր իրադրության լույսի ներքո, թողության այդ պաշարը սպառված պետք է համարել»։

«Սերժ Սարգսյանին մնում է ենթարկվել ճակատագրին եւ իր բախտը որոնել Մոսկվայում ու Անկարայում, ավելի կոնկրետ, ռուս–թուրք–ադրբեջանական գերագույն ատյանում», - եզրակացնում է Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից էլ մատնանշելով. - «Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաջը մեր երկիրը նորից կանգնեցնում է կործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին»։

Միակ ելքը՝ իշխանափոխությունն է


Ուրվագծելով մի կողմից ռուս-թուրք-ադրբեջանական ձեւաչափի, մյուս կողմից՝ Արեւմուտքին տված «այդ խոստումներն ու զիջումները չկատարելու պարագայում», նաեւ այդ աջակցությունից զրկվելու արդյունքում առաջանալիք սպառնալիքները՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը եզրակացրեց. - «Արվելիք հստակ եզրակացությունը պետք է լինի այն, որ Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող վտանգների հաղթահարման միակ ելքը իշխանափոխությունն ու օրինական ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանության հաստատումն է, որը զերծ կլինի լեգիտիմության պակասի ու կոռումպացվածության պատճառով անհարկի զիջումների, ու մեծ հաշվով, ազգային դավաճանության գնալու հարկադրանքից»։

Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ «հակառակ ասեկոսեներին», իշխանափոխությունը եղել եւ մնում է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր խնդիրը։

«Սարգսյանը որեւէ զիջում կատարելու ժողովրդական մանդատ չի ստացել», - կարծում է ընդդիմության առաջնորդը, սակայն Հայ ազգային կոնգրեսը սպառված չի համարում իշխանությունների հետ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը՝ «դեռեւս ո՛չ՝ նկատի ունենալով ազգային շահը»։

«Սակայն երկխոսության համար անհրաժեշտ նախկին պայմանին՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, մենք այժմ ավելացնում ենք եւս մեկը՝ մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը եւ դրանց պատասխանատուների դատական հետապնդումը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը. - «Իսկ երկխոսությունը կարող է վերաբերել միայն մեկ հարցի՝ խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանության փոխանցմանը ժողովրդին, ինչը հնարավոր է իրագործել միայն արտահերթ ընտրությունների միջոցով, ընդ որում՝ սկզբում նախագահական, եւ ապա միայն խորհրդարանական»։

Վերջում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմության պայքարը «թեւակոխում է մի նոր եւ ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը», եւ հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքին իր ելույթը հիմնականում նվիրված կլինի «Հայաստանի իրականության ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ կոռուպցիային»։

Նախկին զինդատախազը խոսում է ուժային կառուցների «կրիմինալ սանձարձակությունից»


Հանրահավաքին ուշագրավ ելույթով հանդես եկավ նախկին զինդատախազ, ներկայում Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը, ով իր խոսքում «Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ զինված ուժերի ստորաբաժանումների հակաօրինական ու հակասահմանադրական կիրառումը» համարեց ուժային կառույցներում վերջին շրջանում տեղի ունեցող «կրիմինալ սանձարձակության ու ամենաթողության» պատճառը։

«Սեփական ժողովրդի վրա մահակ, զենք բարձրացրած, մայրաքաղաքի կենտրոնում հայրենակիցների արյունը հեղած սպան ու պայմանագրայինը մի ակնթարթում հայրենիքի պաշտպանից ու նվիրյալից վերածվել են քրեական հանցագործի ու մարդասպանի, իսկ բանակը՝ չընտրված վարչախմբի իշխանությունը զինական ուժով հաստատած օտար նվաճողի զորքի, որին արտոնված է վիրավորել ու ստորացնել, ու նաեւ սպանել՝ եթե հարկն է», - հայտարարեց Ջհանգիրյանը՝ անդրադառնալով զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին։ - «Երբեւիցե չեմ պատկերացրել, որ հայ զինվորի պատիվն ու կյանքը կարող են այդքան արժեզրկվել, որ զինվորին կարող են ռեժիմով ծեծել ու ստորացնել, թքել նրա տղայական ու զինվորական արժանապատվության վրա (ասածիս լավագույն ապացույցը համացանցում շրջանառվող զարհուրելի տեսանյութն է): Հասել ենք այնտեղ, որ սպան է արդեն ճարահատյալ ինքնասպանության դիմում՝ չկարողանալով հարմարվել»,- հավելեց նախկին զինդատախազը։

Հայկական բանակում տեղի ունեցող երեւույթներին եւ համացանցում շրջանառվող տեսանյութին անդրադարձավ նաեւ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Դժվար է տվյալ կենդանուն մարդ համարել, բայց այդ տեսակին դուք էլ ինձ հետ տեսել եք 2004-ի ապրիլի 12-ին։ Էդ տեսակն էր, որ մարտի 1-ի լուսադեմին ջարդում էր վրաններում քնած կանանց ու տարեցներին, իսկ երեկոյան թիկունքից կրակում էր անմեղ մարդկանց վրա։ Վերջիվերջո այդ տեսակն էր,որ Չարենցավանի ոստիկանատանը մարդ էր սպանում։ Ու քանի դեռ այդ տեսակը իշխանությունների կողմից պարգեւներ, իսկ որոշ դեպքերում էլ՝ իրենց պատկերացրած «լավ ծառայության» համար կոչումներ է ստանում, մարտի 1-ի մարդասպաններն էլ չեն հայտնաբերվել եւ դատապարտվել, նման դեպքերը ոչ միայն բանակում ու ոստիկանությունում,այլ ցանկացած ոլորտում են լինելու», - հայտարարեց Արամ Սարգսյանը։

Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներ: Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց երթով:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը նախատեսվում է հոկտեմբերի 15-ին: Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ին ընդդիմությունը Մարտիրոս Սարյանի արձանի մոտ կտոնի ՀՀ անկախության տարեդարձը, իսկ հոկտեմբերի 1-ին՝ ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկումից չորս օր առաջ, ընդդիմադիրները երթով կշարժվեն դեպի Հայաստանում ԵԽԽՎ-ի գրասենյակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG