Մատչելիության հղումներ

Իտալիայից հրավիրված գիտնականների խմբի օգնությամբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթն այնպես է վերանորոգվել, որ անհնար է դարձել գմբեթին խաչ տեղադրելը: Հայաստանից ժամանած լրագրողների հետ ուրբաթ օրը Անկարայում կայացած հանդիպմանը այս մասին ասաց Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարի խորհրդական Իսմեթ Յըլմազը:

«Մի խաչ բերեցին այնտեղ, եւ աշխատեցինք տեղադրելու թույլտվություն ստանալ, բայց այն 2 մետրից ավելի բարձրություն եւ մոտ 200 կիլոգրամ կշիռ ունի: Վերանորոգումից հետո գմբեթն ամբողջությամբ փակվեց, եւ խաչը տեղադրելու տեղ չկա», - ասաց Յըլմազը` վստահեցնելով. - «Այսինքն, ոչ թե մենք չենք ուզում խաչը տեղադրել, այլ անհնար է տեղադրել»:

«Եթե առանց փոփոխությունների այժմ տեղադրենք, փոքր քամուց անգամ կվնասենք գմբեթը: Մենք նախատեսում ենք կրկին մասնագետներ հրավիրել եւ փորձել խաչը տեղադրելու հնարավորություն ստեղծել», - նշեց թուրք պաշտոնյան:

Բացի այդ, Յըլմազի խոսքերով, իրենց գործընկերները պրպտել եւ արխիվներում Սուրբ Խաչ եկեղեցու որեւէ լուսանկար չեն գտել, որտեղ խաչ է երեւում:

Ի պատասխան հարցի` արդյոք փնտրե՞լ են մինչեւ 1915 թվականի արխիվներում, թուրք պաշտոնյան պարզապես նշեց, թե Թուրքիան որեւէ միտում չունի այդ խաչը չտեղադրելու, եւ պատարագից հետո անպայման այն կտեղադրվի:

«Համեմատեք այդ եկեղեցին մինչեւ վերանորոգումը եւ վերանորոգումից հետո: Երբ այցելեք, կտեսնեք, որ այն հոյակապ վերանորոգված է», - ասաց Իսմեթ Յըլմազը:

Եկեղեցու վերանորոգման համար Թուրքիայի կառավարությունը ծախսել է մոտ 1.5 միլիոն դոլար: Տուրիզմի եւ մշակույթի նախարարի խորհրդականը ասաց, որ նաեւ հրատարակել են Աղթամարի մասին պատմող փոքրիկ գրքույկ, որն անվանել են «Հայ մշակույթի գլոխգործոց»:

Ըստ Յըլմազի` սեպտեմբերի 19-ի պատարագից հետո, գուցե` Ամանորի նախաշեմին, հնարավոր է` դարձյալ եկեղեցական պատարագներ մատուցվեն Սուրբ Խաչ եկեղեցում:

Ինչ վերաբերում է հայ զբոսաշրջիկներին, ովքեր խաչը գմբեթին չտեղադրելու պատճառով հրաժարվել են իրենց այցելությունից, Իսմեթ Յըլմազը ասաց, որ տարեկան 27 միլիոն զբոսաշրջիկ ընդունող երկրի համար դա աննշան կորուստ է: «Այս դեպքում կարեւորը երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելն է, եւ մենք դա անում ենք», - ասաց նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG