Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»


«Հաագայի դատարանի` Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակումը միջազգային իրավունքին չհակասելու մասին որոշումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ», - ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ «Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվել է միակողմանիության կարգով»:

«Նույնիսկ եթե մինչեւ վերջերս որեւէ մեկը խոսում էր այն մասին, թե ազգերի ինքնորոշման իրավունքը հակասում է մյուս հիմնարար իրավունքին` տարածքային ամբողջականությանը, ապա հենց դրա համար էլ այս տարի Ալմաթիում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների գագաթնաժողովին հստակ հայտարարվեց, որ երեք սկզբունքները (դրանք ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն են), որոնց հիման վրա մենք բանակցում ենք, հավասար են», - հավելել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը անդրադարձել է նաեւ հայ - թուրքական շփումներին` ասելով, որ հայկական կողմն այս պահին «սպասում է, թե երբ Թուրքիայում կհայտնվի քաղաքական ուժ կամ կհայտնվեն քաղաքական առաջնորդներ, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսեւորել` կարգավորել հարաբերությունները»:

Սերժ Սարգսյանի խոսքերով` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու որոշումը «իր կյանքի ամենադժվար քայլերից մեկն է եղել»:

«Ես սխալ էի համարում նեղացածի, վիրավորվածի կեցվածք ընդունելը եւ սպասելը մինչեւ թուրքերն իրենք ընդունեն ցեղասպանությունը, հետո միայն վերականգնել հարաբերությունները: Իմ մոտեցումը մեր հասարակության կողմից միանշանակ չընդունվեց, առավել եւս` Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի կողմից: Եվ դա հասկանալի է. մեր ժողովուրդը զգացմունքային է: Բայց ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, վերջիվերջո, ընկալեց այդ գաղափարը», - ասել է Հայաստանի նախագահը` կարծիք հայտնելով, որ «հիմա շատ քչերն են մտածում, որ ինքը սխալ է եղել»:

Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետները երկարացնելու մասին Հայաստանի իշխանությունների կայացրած վերջին որոշման վերաբերյալ Սերժ Սարգսյանը ասել է, որ «ինքն անձամբ դա արել է հաճույքով»:

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան շատ սպառնալիքներ եւ վտանգներ: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը», - նշել է Սարգսյանը, խոսելով նաեւ այդ հարցում երկու կողմերի ունեցած շահի մասին. - «Ռուսական կողմի շահն իր զինված ուժերի զարգացման, իր ռազմավարական շահերի երկարատեւ պլանավորման հնարավորությունն է: Մեր շահագրգռությունը` մեր անվտանգության ապահովման գործում օգնությունն ու աջակցությունն է»:

«Սա լուրջ գործոն է ռազմական գործողությունները չվերսկսելու, դրանք կանխելու համար եւ լավ հնարավորություն` մեր բանակը ժամանակակից չափանիշներով վերազինելու համար», - կարծիք է հայտնել Հայաստանի նախագահը:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը` Սարգսյանն ասել է, որ Դաշինքի հետ աշխատանքը Հայաստանին հնարավորություն է ընձեռում արդիականացնել հայկական բանակը, բարեփոխումներ կատարել, որոնել անվտանգության համակարգ կառուցելու ճիշտ, արդի ուղիներ:

Բայց Դաշինքի մասին իր դրական խոսքը, ինչպես ընդգծել է Սերժ Սարգսյանը, չի նշանակում, թե Հայաստանը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG