Մատչելիության հղումներ

logo-print

Դավութօղլու. «Թուրքիան ձգտում է ակտիվ դեր խաղաղ ղարաբաղյան կարգավորման մեջ»


«Լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի նախաձեռնողներից մեկը` Թուրքիան ձգտում է ակտիվ դեր խաղաղ դրա կարգավորման մեջ», - CNN Turk հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Անհանգստություն արտահայտելով Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը, ըստ նրա, վնաս է հասցնում կողմերից յուրաքանչյուրին, Դավութօղլուն, ադրբեջանական Day.az լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է. - «Տարածաշրջանում ստատուս քվոյի վիճակը հաղթահարվեց, քանի որ այն չէր համապատասխանում երկու պետությունների [Հայաստանի եւ Ադրբեջանի] շահերին: Սակայն ներկայիս իրավիճակը չի կարող անփոփոխ մնալ»:

Նա վստահեցրել է, թե պաշտոնական Անկարան չի ձգտում մրցակից դառնալ ղարաբաղյան կարգավորման միջնորդ երկրներին, եւ հավելել է. - «Խաղաղությունը բխում է յուրաքանչյուրի շահերից: Չէ որ ստեղծված իրավիճակը վնասում է տարածաշրջանի բոլոր երկրներին»:

Դավութօղլուն խաղաղ համաձայնության կնքման հույս է հայտնել եւ պնդել, թե դա հնարավոր է հիմնախնդրի լուծման նկատմամբ «համբերատար, հանգիստ եւ կոկիկ» մոտեցման դեպքում:

Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորումը Դավութօղլուն կրկին կապել է Ղարաբաղի հարցի հետ` վստահեցնելով. - «Հայաստանի հետ հարաբերությունները վաղ թե ուշ կդառնան բարիդրացիական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG