Մատչելիության հղումներ

logo-print

Սենատի հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքվեարկի Բրայզայի հարցով


Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, արխիվային լուսանկար

Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, արխիվային լուսանկար

Սեպտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կկայանա Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը:

Այդ քվեարկությունը դեռ անցած ամիս պետք է տեղի ունենար, սակայն այն արգելափակելու նախաձեռնությամբ հանդես եկավ դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Մինչդեռ նույն օրը հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մյուս` ավելի քան երեք տասնյակ երկրներում ԱՄՆ-ի դեսպանների նշանակումներն արժանացան ամերիկացի սենատորների հավանությանը:

Դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահի հաստատմանը դեմ է արտահայտվում հատկապես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի կարծիքով` «Բրայզան այն մարդը չէ, ով կարող է ճշտորեն ներկայացնել ամերիկյան արժեքները Բաքվում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այս անգամ Մեթյու Բրայզան քվեարկության արդյունքում չհաստատվի դեսպանի պաշտոնում կամ նրա թեկնածության հաստատման շուրջ քվեարկությունը կրկին տեղի չունենա, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը արձագանքեց. - «Տեսնում ենք, որ սենատոր Բոքսերը եւ սենատոր Մենենդեսը ոչ թե մեկ, այլ երկու անգամ գրավոր հարցումներ են ուղղել [Բրայզային], եւ նորից հստակ պատասխաններ չեն տրվում Ջուղայի խաչքարերի փլատակման վերաբերյալ, հստակ պատասխաններ չեն տրվում, թե ինչու Մեթյու Բրայզան հստակորեն չի դատապարտել Ադրբեջանին այս վերջին` հունիսի 18-ի հարձակումների վերաբերյալ: Եվ պատասխանները շարունակում են հարցեր առաջացնել ամերիկահայ գաղութում, Հայ դատի հանձնախմբում եւ ինչու ոչ` սենատորների մտքերում, թե կկարողանա՞ նա արդյոք իրապես ամերիկյան շահերը ճշգրիտ կերպով ներկայացնել որպես դեսպան Ադրբեջանում»:

«Սեպտեմբերի 21-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկելու է այս հարցով: Մեր հույսն է, որ սենատորները դեմ կքվեարկեն, եւ ինչ էլ լինի պատասխանը երեքշաբթի օրը, նաեւ մեր հույսն է, որ մի շարք սենատորներ, որ շարունակում են մտահոգություններ ունենալ այս քայլի մասին, հստակորեն իրենց տեսակետը ներկայացնեն դրանից հետո էլ եւ նույնիսկ հանդես գան կասեցման որոշումով», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG