Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 17-ի մամուլ


«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Ինչպես որ սովորաբար լինում է ընդդիմության հանրահավաքից առաջ` երկու կողմերի քարոզչությունն արձակելու է իր ավանդական «կրակոցները»: Իշխանության քարոզչությունն ասելու է, որ հանրահավաքը հերթական անիմաստ, թույլ եւ իրենց (իշխանությունների) համար բացարձակապես ոչ վախենալու մի միջոցառում է: (Մեկը լինի, հարցնի` եթե չեք վախենում, ինչո՞ւ եք ճանապարհները փակում): Ընդդիմությունն էլ պնդելու է, որ հանրահավաքը լինելու է այնքան հուժկու եւ ազդեցիկ, որ իշխանավորներին էլ ոչինչ չի մնա, քան կապել ճամպրուկները եւ փախչել Հայաստանից: Իրականում հանրահավաքը, որքան ես հասկանում եմ, ոչ թե մեկին վախեցնելու համար է, այլ ցույց տալու, որ ահա մարդկանց այս խումբն ունի այս դիրքորոշումը: Ինչպես ցանկացած զանգվածային միջոցառման ժամանակ, միասնական վանկարկումները մերձեցնում են մարդկանց, իրար վարակում են էնտուզիազմով, սիրով, ատելությամբ, ստիպում են նրանց զգալ որպես մեկ հավաքականություն, որն ընդունակ է հասնել իր նպատակներին: Որքան բազմամարդ լինեն ընդդիմության հանրահավաքները, այնքան լավ պետության համար: Իշխանությունն էլ պիտի գիտակցի, որ խաղաղ ցույցերը պայքարի նորմալ, ժողովրդավարական եւ օրինական ձեւ են»:

Ընդդիմադիր գործիչ, նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով ներքաղաքական գործընթացներում հասարակության դերին առնչող հարցին` ասում է. - «Հասարակության ցանկությունները իրականություն դարձնելու համար հասարակությունն ինքը պետք է ակտիվ մասնակություն ունենա այդ պրոցեսներին, որովհետեւ հասարակության մեջ շերտեր կան, անդամներ կան, ովքեր այդ ամենը գիտակցում են այն ժամանակ, երբ անձամբ են իրենց մաշկի վրա զգում անարդարությունը: Այսօր սոցիալական անտանելի իրավիճակ է տիրում մեր երկրում, այս աննախադեպ գնաճի պայմաններում, երբ դրա դիմաց պետությունը որեւէ քայլ չի անում, անգամ սոցիալապես ամենաթշվառ խավերի նպաստները իշխանությունները չեն բարձրացնում, այս ահագնացող թանկացման պայմաններում մենք լսում ենք այդ դժգոհությունները: Բայց այդ դժգոհությունները պետք է կոնկրետ գործողության տեսք ստանան»: Մալխասյանը եզրակացնում է. - «Ցանկացած պայքար միշտ տվել է իր արդյունքը: Եթե քաղաքացիները ակտիվություն են դրսեւորում եւ մասնակցում են այս ակցիաներին, բնականաբար, դրա հետ, ուզեն թե չուզեն, հաշվի են նստելու իշխանությունները եւ իրենք էլ գնալու են թեկուզեւ փոքրիկ, բայց զիջումների»:

«Ազգ» թերթին հարցազրույց է տվել Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Լրագրողը հարցնում է. - «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում Ադրբեջանի նախաձեռնած հերթական բանաձեւի նախագիծը հանվեց քննարկումից` թողնվելով հաջորդ նստաշրջանին: Ինչպե՞ս կմեկնաբանեիք նման քայլը, երբ բանաձեւի նախագծի քննարկման հետաձգումը ներկայացվում է որպես ԵԱՀԿ համանախագահող երկրների ճնշման արդյունք»: Փոխարտգործնախարարը պատասխանում է. - « Նախ` պետք է հստակություն մտցնել այս հարցադրման մեջ: Խոսքն այստեղ ոչ թե բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջան տեղափոխելու մասին է, այլ` քննարկումից ընդհանրապես հանելու: Խոսքը ոչ թե բանաձեւի, այլ օրակարգի կետի 65-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին է: ՄԱԿ-ում բանաձեւի նախագծի հետաձգում մեկ այլ նստաշրջանի հնարավոր չէ: Տվյալ նախագիծը քվեարկության չդրվելու պարագայում` համապատասխան նստաշրջանի ավարտից հետո այլեւս դադարում է գոյություն ունենալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես նաեւ միջազգային հանրության գերակշիռ մասը դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս ձեւաչափի փոփոխմանն ուղղված որեւէ քայլի եւ միանշանակ սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բնականաբար, Ադրբեջանի նման ապակառուցողական կեցվածքը, աջակցություն չգտնելով անդամ երկրների կողմից, բացասաբար պիտի անդրադառնար վերջինիս հեղինակության վրա, այն ոչ միայն թույլ չէր տա Բաքվին ինչ-որ դիվիդենտներ ստանալ, այլեւ` հակառակը: Դա էլ հիմնականում պատճառ դարձավ Ադրբեջանի կողմից բանաձեւը քվեարկության չներկայացնելու համար»: Հարցին, թե արդյոք այդ նախագծի գոյությունը հաջորդ նստաշրջանի օրակարգում չի՞ կարող օգտագործվել որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ, Կիրակոսյանը պատասխանում է. - «Ինչպես բազմիցս նշվել է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում: Ավելին, մի բանաձեւ, որը ՄԱԿ-ի անդամ երկրների գերազանցող մեծամասնության աջակցությունը չի վայելում, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, առավել եւս` լծակ լինել: Այնուհանդերձ, Հայաստանը մշտապես շեշտել է, որ զանազան միակողմանի փաստաթղթերի առաջադրումը տարբեր ատյաններում, եւ ՄԱԿ-ը բացառություն չէ, որտեղ հաշվի չեն առնվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ ազատ սեփական կյանքը տնօրինելու ցանկությունը, միայն բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա` ստեղծելով անհարկի խոչընդոտներ ու ձգձգումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG