Մատչելիության հղումներ

YouTube-ում տեղադրված տեսանյութում զինծառայողների նկատմամբ ճնշումներ կիրառող անձի ինքնությունը բացահայտվել է


Սեպտեմբերի 11-ից YouTube կայքում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող աղմկահարույց տեսանյութում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներին ստորացնելու եւ բռնություններ կիրառելու համար մեղադրվող անձի ինքնությունը բացահայտվել է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, տեղեկացնելով այս մասին, նաեւ հայտնեց, որ այժմ պարզվում է մեղավորների շրջանակը, առաջիկա օրերին նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Կիրակի օրը ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ քայլեր են ձեռնարկվում տեսանյութի հավաստիությունը պարզելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ։

Նախապես կասկածի տակ էր դրվել տեսանյութի հավաստիությունը, սոցիալական ցանցերում վարկած էր շրջանառվում, որ այն հատուկ պատրաստված, բեմադրված նյութ է, որն ուղղված է բանակը բարոյազրկելուն։

YouTube-ում շրջանառվող տեսահոլովակը առանձնահատուկ հասարակական հնչողություն ստացավ եւ քննարկումների թեմա դարձավ, որովհետեւ այն ի հայտ եկավ վերջին ամիսներին բանակում բռնությունների եւ զինծառայողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցած մի քանի ողբերգական միջադեպերի ֆոնին։

Այդ միջադեպերից առաջինը տեղի ունեցավ Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, որտեղ, պաշտոնական վարկածի համաձայն, պայմանագրային զինծառայող 30-ամյա Արտակ Նազարյանը ինքնասպանություն էր գործել։ Նազարյանի հարազատները կտրականապես հերքում են ինքնասպանության վարկածը։

Մեկ օր անց 6 զինծառայողներ զոհվեցին Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկում, որտեղ, պաշտոնական վարկածի համաձայն, 21-ամյա ժամկետային ծառայող Կարո Այվազյանը գնդակահարել էր 5 զինծառայողների եւ դիմել ինքնասպանության։

Միջադեպերի առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամաններով 8 սպաներ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, մի շարք զինծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժերի, նշանակվեցին ավելի ցածր պաշտոնների, իջեցվեցին նաեւ զինվորական կոչումներ:

Զոհված զինծառայողի մայրը չի շտապում հանդիպել պաշտպանության նախարարին


Տավուշի Մեհրաբ զորամասում հուլիսի 27-ին մահացած Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը
Տավուշի Մեհրաբ զորամասում հուլիսի 27-ին մահացած Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, անցած շաբաթ բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում պնդում էր, որ իր որդուն սպանել են։

Չորեքշաբթի օրը հրապարակվեց պաշտպանության նախարարի պատասխանը Հասմիկ Հովհաննիսյանին, որում Սեյրան Օհանյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել եւ առանձնազրույց ունենալ զոհված զինծառայողի մոր հետ։

«Եթե ես բաց նամակ ուղղած չլինեի պաշտպանության նախարարին, երեւի ուշադրության էլ չէին արժանացնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով նախարարի այս պատասխանը՝ այսօր ասաց Հասմիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, թե եթե համոզված լինի, որ այդ հանդիպումն ու առանձնազրույցը կփոխեն իր որդու մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության ընթացքը՝ կգնա հանդիպման։ - «Ուզում եմ համոզմունք ունենալ, որ քիչ թե շատ բավարարված դուրս կգամ, այլ ոչ թե վիրավորված կամ խաբված», - հավելեց տիկին Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե գործի բոլոր հանգամանքները դեռ չեն պարզվել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Արտակ Նազարյանի անձնական հարաբերությունները չեն դասավորվել իր ծառայակից ընկերների հետ, եւ, ցավոք սրտի, այդ հարաբերությունների ընթացքը բերել է այսպիսի ճակատագրական վախճանի։

Այս առթիվ հարուցված քրեական գործով, ինչպես Հասմիկ Հովհաննիսյանին ուղղված նամակում նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի քանի զինծառայողների մեղադրանք է առաջադրվել տարբեր հանցագործությունների, մասնավորապես՝ իշխանությունը չարաշահելու, պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար։

«Զամպոլիտն ու գումարտակի հրամանատարը քանի՜ հոգու գլուխ են կերել մինչեւ Արտակը։ Դա իրենց համար առաջինը չի եղել, ես համոզված եմ», - ասում է Հասմիկ Հովհաննիսյանը։

Նախարար Սեյրան Օհանյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ 2010 թվականի առաջին կիսամյակում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարների թիվը նախկին տարիների համեմատությամբ պակասել էին։ - «Պարզապես վերջին ամիսներին տեղի ունեցած դեպքերը հասարակական հնչեղություն ունեցան», - ասաց Օհանյանը։

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը հիշեցնում է, որ 1996 թվականի փետրվար-մարտ ամիսներին, 1998 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նույնպես կարճ ժամանակում մի շարք միջադեպերի «այսպիսի խտացում եղավ»։ Խորհրդի նախագահը կողմ է հասարակական վերահսկողությանը, բանակում առկա բացասական երեւույթները, միջադեպերը քննարկելուն, բայց եւ զգուշացնում է, որ այդ ամենը չպետք է գնա «ծայրահեղացված ընդհանրացումների ճանապարհով, արհեստականորեն բանակի վարկանիշը գցելու միտումնավորությամբ»։

«Եթե կան մարդիկ, ովքեր կարող են, թող մտածեն, կոնկրետ առաջարկներ ներկայացնեն մեզ», - առաջարկում է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG