Մատչելիության հղումներ

logo-print

Տուրիզմի մասնագետների ուշադրության կենտրոնում հայաստանյան էկոտուրիզմն է


Մասնագետները էկոտուրիզմը բնութագրում են որպես տուրիզմ, որը բնությանը վնաս չի հասցնում, այլ անգամ հակառակը` որոշ դեպքերում նաեւ բնապահպանական է, եւ բիզնեսից բացի` էկոտուրիզմը, նրանց կարծիքով, նաեւ գաղափարախոսություն է:

«Էկոտուրիզմը տեղի բնակչությանը այնքան օգուտ պիտի բերի, որ նրանք բնությունը դիտեն որպես եկամուտի աղբյուր ու պահպանեն այն», - բացատրում է «Էկոտուրիզմի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը:

Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի անդամ Էդուարդ Գեւորգյանը մատնացույց է անում հայաստանյան հայտնի քարանձավները, գյուղեր` իրենց կոլորիտով` պնդելով, որ մեզանում էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ կա:

Էդուարդ Գեւորգյանի խոսքով` էկոտուրիզմի նկատմամբ հետաքրքրություն կա հատկապես երիտասարդների շրջանում. շատերը հրաժարվել են բնության գրկում նստակյաց հանգստից` խորովածի սեղանի շուրջ` գերադասելով արշավախմբերով ճանաչել Հայաստանի անհայտ անկյունները: Այդուհանդերձ, ըստ Գեւորգյանի, հայաստանյան էկոտուրիզմը ավելի շատ արտասահամնացի տուրիստներին է գրավում:

Էկոտուրիզմով հետաքրքրված է հատկապես Ազգային մրցունակության հիմնադրամը, ում համար գերակա ուղղություն է համարվում Հայաստանի հարավը` քարանձավներ, գյուղեր, եկեղեցիներ ու խոհանոց: «Մեր նպատակն է, օրինակ, դեպի Տաթեւ ուղեւորությունը դարձնել քառօրյա` ներառելով Նորավանքը, Արենի գյուղը, Մոզրովի քարանձավը` շրջագայությունը համատեղելով մարդկանց հետ շփումներով», - նշեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունի:

XS
SM
MD
LG