Մատչելիության հղումներ

Հայկ Դեմոյան. «Այս փուլում ուղղակի զավեշտական է հրավերի պահը»


Հայկ Դեմոյան
Հայկ Դեմոյան

«Աղթամարի շուրջ կարելի է միկրոպատկերը ներկայացնել, թե ինչպիսի որոշումներ կայացնող կենտրոններ կան Թուրքիայում, եւ ինչպես է դա անդրադառնում հայ - թուրքական հարաբերությունների վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հրավերներ է ուղարկել Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների եւ քաղաքական գործիչների` մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին: Պատարագի նախաշեմին հայտնի դարձավ նաեւ, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են Սուրբ Խաչ եկեղեցու առջեւ խաչ տեղադրել:

«Մեկ ուժը որոշում է Աղթամարը [Սուրբ Խաչ եկեղեցին] վերականգնել, պատարագ անցկացնել, մեկ այլ թեւը որոշում է հայերի հրավիրել, մեկ այլ թեւը փորձում է այդ նույն ժամանակ սկանդալ սարքել` հայ լրագրողներին, կարելի է ասել, պատանդի կարգավիճակով օդանավակայանում փակել», - ընդգծեց Հայկ Դեմոյանը` հավելելով. - «Իրականում սա հենց Թուրքիան է, որտեղ տարբեր ուժեր տարբեր շահեր են հետապնդում»:

«Այս առումով, հրավերի պահը, ես կարծում եմ, ոչ միայն ուշացած կարելի է բնութագրել: Այս փուլում, երբ թուրքական կողմը հետուառաջների սահմանափակումները արդեն լիովին սպառել էր, առնվազն ուղղակի զավեշտական է հրավերի պահը, երբ արդեն իսկ հրավերը ընդունած հաստատությունը` ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հասկանալով թուրքական այս ոչ ազնիվ, մեղմ ասած, խաղը, հրաժարվեց արդեն», - ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

«Շատ զարմանալի կլիներ, եթե հայկական կողմը այսքան վիրավորական քայլերից հետո ուրախանար եւ ընդուներ այդպիսի հրավերները», - ամփոփեց Հայկ Դեմոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG