Մատչելիության հղումներ

Թուրքերի 55 տոկոսը դեմ է Հայաստանի հետ արձանագրությունների վավերացմանը


Ամերիկյան Մարշալի հիմնադրամի անցկացրած հետազոտության համաձայն` թուրքերի 55 տոկոսը դեմ է անցած տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացմանը:

Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու հայ - թուրքական սահմանի բացմանը կողմ է հարցված թուրքերի 27 տոկոսը միայն:

Transatlantic Trends անվանումը կրող այս հետազոտությունը անցկացվել է հունիսին, սակայն դրա արդյունքները հրապարակվել են չորեքշաբթի օրը` Բրյուսելում: Ըստ հետազոտության հեղինակների` հարցման արդյունքները վկայում են, որ Թուրքիայում տիրող տրամադրությունները տարեցտարի լուրջ փոփոխության են ենթարկվում:

«Թուրքական հանրությունը հիասթափված է թե' Միացյալ Նահանգների եւ թե' Եվրամիության կողմից տարվող քաղաքականությունից: Ակնհայտ է նաեւ, որ մարդիկ ավելի մեծ ուշադրություն են սկսում դարձնել Թուրքիայի հարաբերություններին արաբական պետությունների հետ», - նշում են Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչները` իրենց պնդումն ապացուցելու համար ներկայացնելով հետեւյալ թվային տվյալները. - «Թուրքերի թիվը, որոնք ասում են, թե միջազգային ասպարեզում նախեւառաջ հարկավոր է համագործակցել Մերձավոր Արեւելքի պետությունների հետ, կրկնապատկվել է` հասնելով 20 տոկոսի: Իսկ Վաշինգտոնի հետ սերտորեն համագործակցելու կողմնակիցների թիվը, ըստ հարցման, այսօր ընդամենը 6 տոկոս է կազմում»:

Կտրուկ անկում է ապրում նաեւ Եվրամիությանն անդամակցելու կողմնակից թուրքերի թիվը: Հարցման մասնակիցների միայն 38 տոկոսն է կարծում, որ Եվրոպական միությանն անդամակցելը դրական զարգացումների կհանգեցնի Թուրքիայի համար:

2004 թվականին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին կողմ էր արտահայտվել այդ երկրում անցկացված հարցման մասնակիցների 70 տոկոսը:

Զեկույցի հեղինակների կարծիքով` հետազոտության արդյունքները թուրքական արտաքին քաղաքականությունում վերջին տարիներին տեղի ունեցած շրջադարձի վառ ապացույցն են:

«Համեմատած նախորդ տարվա արդյունքների հետ` ավելի քիչ թվով թուրքեր են կարեւորում ՆԱՏՕ-ի դերը, ավելի քիչ են շահագրգռված Եվրամիությանն անդամակցելու հարցում: Համեմատած նախորդ հետազոտության արդյունքների հետ` ավելի քիչ է նաեւ այն հարցվածների թիվը, որոնք պնդում, թե Թուրքիան եվրոպական արժեքների կրող է», - վկայում են հետազոտության հեղինակները:

Մարշալի հիմնադրամի մասնագետները նաեւ փորձել են պարզել` ինչպես են վերաբերվում Եվրամիության անդամ պետություններում այդ կառույցին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: 11 պետություններում անցկացված հետազոտությունը վկայում է` Թուրքիայի հնարավոր անդամակցությանն ամենադրականը տրամադրված են Ռումինիայի բնակիչները. այստեղ այդ ցուցանիշը հասնում է 43 տոկոսի: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հակառակորդների ամենահոծ բանակն էլ Ֆրանսիայում եւ Գերմանիայում է. հարցված գերմանացիների 44 եւ ֆրանսիացիների 49 տոկոսը նշել է, որ Թուրքիայի ներգրավումը եվրոպական ընտանիքում որեւէ դրական արդյունքի չի հանգեցնի:

Թուրքիայի բնակիչները եւս բավական հոռետեսորեն են տրամադրված իրենց երկրի եվրոպական հեռանկարների հանդեպ. թուրքերի 63 տոկոսը համարում է, որ երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը քիչ հավանական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG