Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կարեւորում է Իրանի դերը Ղարաբաղյան կարգավորման գործում


Էդվարդ Նալբանդյանի եւ Մանուչեհր Մոթաքիի համատեղ ասուլիսը, Թեհրան, 15-ը սեպտեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության

Էդվարդ Նալբանդյանի եւ Մանուչեհր Մոթաքիի համատեղ ասուլիսը, Թեհրան, 15-ը սեպտեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության

«Մենք կարծում ենք, որ Իրանը նշանակալից դերակատարություն ունի։ Իրանը հավասարակշիռ դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղի խնդրի կարգավորման համար», - ասել է Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ համատեղ ասուլիսում։

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստան - Իրան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Նալբանդյանը ընդգծել է, որ երկու հարեւան երկրների միջեւ կապերը «ջերմ են եւ գերազանց»: «Մենք ջանքեր ենք գործադրում Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ խորացման համար», - ասել է նա:

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու կողմերը տարաբնույթ նախաձեռնություններ են ցուցաբերում զանազան ոլորտներում` ընդլայնելու երկկողմ հարաբերությունները, եւ ավելացրել, որ Երեւանը պլանավորում է մոտ ապագայում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել Թեհրանում։

Նշելով, որ վերջերս Հայաստանի մի շարք պաշտոնյաներ այցելել են Թեհրան, ներառյալ պաշտպանության նախարարը, Նալբանդյանը ասել է, թե «երկու երկրների միջեւ քաղաքական խորհրդակցությունները ընթացքի մեջ են, եւ մենք միմյանց հետ համագործակցում ենք նաեւ միջազգային ասպարեզում»։

Էդվարդ Նալբանդյանը Թեհրան է ժամանել սեպտեմբերի 14-ի երեկոյան։ Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսը կայացել է սեպտեմբերի 15-ին` նրանց հանդիպումից հետո:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ, այցելել է Իրանահայոց թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ զարգացող
Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեջադին է փոխանցում Սերժ Սարգսյանի ուղերձը, լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ եւ կա երկկողմ պատրաստակամություն` առավել զարգացնել գործակցությունը:

Քննարկվել է 2009 թվականի ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:

Մահմուդ Ահմադինեջադը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Սերժ Սարգսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG