Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի իրավապաշտպանները խուսափում են Հայաստանում կալանավորված ընդդիմադիրներին «քաղբանտարկյալ» անվանելուց


Հայաստան -- Ոստիկանության բախումը ընդդիմադիր ցուցարարների հետ, 1-ը մարտի, 2008թ.

Հայաստան -- Ոստիկանության բախումը ընդդիմադիր ցուցարարների հետ, 1-ը մարտի, 2008թ.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը «միտումնավոր» կարծիք չի հայտնել այն մասին, թե արդյո՞ք 2008 թվականի մարտին տեղի ունեցած ցույցերի առնչությամբ կատարված ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Հայաստանի կառավարության հրավերով սեպտեմբերի 6-ից իրականացված առաքելության ավարտի կապակցությամբ լրագրողների հետ կազմակերպված հանդիպմանը աշխատանքային խմբի գլխավոր զեկուցող Հաջի Մալիկ Սոուն նշեց, որ իրենք զրուցել են քաղաքական ցույցերի առնչությամբ կալանավորված13 բանտարկյալներց 4-ի` Հարություն Ուռուտյանի, Արամ Բարեղամյանի, Սարգիս Հացպանյանի եւ Մուրադ Բոջոլյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք խումբը պարզել է` հիշյալ13 ընդդիմադիրները քաղաքակա՞ն դրդապատճառներով են կալանավորվել, թե ոչ, գլխավոր զեկուցողը հայտարարեց. - «Մենք միտումնավոր որեւէ կարծիք չենք հայտնել: Մենք գիտենք, որ այս երկրում այս մասին կարեւոր քննարկումներ են գնում, որոնք հակասական են: Մենք բավարար չափով տվյալներ չունենք այս թեմայի շուրջ մեր կարծիքը հայտնելու համար»:

Հաջի Մալիկ Սոուն նշեց, որ աշխատանքային խումբը պարտավոր է հետեւել ՄԱԿ-ի սահմանած կանոնադրությանը եւ անհրաժեշտ է, որ աշխատանքային խմբին ներկայացվեն գրավոր հաղորդումներ եւ հիմնավորումներ ապօրինի կալանավորումների մասին:

«Այդ 13 անձանց կապակցությամբ այդպիսի գրավոր դիմում մեզ չի տրվել: Մենք հանդիպել ենք քաղաքական գործիչների հետ, իրենք մեզ բանավոր տեղեկություններ են հաղորդել, եւ մեզ տվել են այդ անձանց ցուցակը, նաեւ այն կալանավայրերը, որտեղ այդ անձինք պահվում են, եւ թե ինչ հոդվածներով են նրանք դատապարտվել», - նշեց Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի գլխավոր զեկուցողը:

Աշխատանքային խմբի հետ հանդիպմանը մասնակցած Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեվոն Զուրաբյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ընթացքում ցույց տվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի բոլոր անդամներին էլեկտրոնային փոստով ուղարկած իր նամակը եւ հայտարարեց. - «Մենք ուղարկել ենք նամակ, որտեղ կա ցուցակ եւ գրավոր բացատրություն, թե ինչու ենք մենք համարում այդ քաղբանտարկյալներին քաղբանտարկյալ: Գրավոր նշված են բոլոր հիմնավորումները»:
XS
SM
MD
LG