Մատչելիության հղումներ

Ժողովրդավարությունը Հայաստանում


Հանրահավաք Երեւանում, արխիվային լուսանկար
Հանրահավաք Երեւանում, արխիվային լուսանկար

Սեպտեմբերի 15-ը ՄԱԿ-ը հռչակել է ժողովրդավարության միջազգային օր։ Այն սահմանվել է 2007 թվականի աշնանը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձեւով։

Բանաձեւը եւս մեկ անգամ ամրագրում է, որ ժողովրդավարությունը համընդհանուր արժեք է, հիմնված ժողովրդի ազատ կամարտահայտության վրա՝ սահմանելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային համակարգերը եւ լիարժեք մասնակցությամբ լուծելու կյանքի բոլոր ասպեկտներին վերաբերող հարցերը։

Բանաձեւում նշված է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը, այնուամենայնիվ չկա ժողովրդավարության մեկ մոդել ։
ՄԱԿ-ը քաջալերում է կառավարություններին ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման համար։

Հայաստանում ինչպե՞ս է ընկալվում ժողովրդավարությունը, ի՞նչ է անհրաժեշտ անել այն զարգացնելու եւ ամրապնդելու համար. «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանել են մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը եւ «Լրագիր» պարբերականի մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Վարդան Հարությունյանի կարծիքով` «Հայաստանում ժողովրդավարությունը ընկալվում է այնպես, ինչպես ընկալվում էր դեռ հին, սովետական տարիներին։ Չկա այն որպես երեւույթ։ Դեմոկրատիա հասկացությունը չկա»։

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը ասաց, թե Հայաստանում ժողովրդավարությունը հաճախ շփոթում են մեծամասնության իրավունքների հետ։ «Այսինքն, համարվում է, որ ընտրություններում որ ուժը որ մեծամասնություն ստացավ, նրա մոտեցումները ամենաճիշտն են, ամենալավն են եւ այլն։ Մեծամասնության իրավունքը ժողովրդավարության հետ կապ չունի», - շեշտեց նա: - «ժողովրդավարությունը առաջին հերթին պրոցեդուրա է, երկխոսություն, կարծիքների փոխանակում։ Դա փոքրամասնության շահերի երաշխավորվածություն է»։

Հակոբ Բադալյանի խոսքերով` Հայաստանում ժողովրդավարությունը «մի հատ մեծ պաստառ է, մի հատ մեծ դեկլարացիա, որի մասին արդեն խոսում են գրեթե բոլորը, բայց երեւի շատ քչերը պատկերացում ունեն, թե դա իրենից ինչ է ներկայացնում»։

Նրա կարծիքով` ժողովրդավարությունը Հայաստանում մի մեծ «տրաֆարետ է», որը մարդկանց մի մասի համար պետք է, «որ ամեն ինչում մեղադրեն էդ տրաֆարետին։ Իսկ մի մասի համար էլ դա շատ լավ շղարշ է իրենց ստվերային գործունեությունը ժողովրդավարության տրաֆարետով ծածկելու համար»։

Նա ասաց, որ մի փոքր մաս էլ կա, որը հասկանում է, թե ինչ է ժողովրդավարությունը, փորձում է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ, «բայց այդ մասն էլ լծակներ չունի։ Իսկ մեծ մասի համար ժողովրդավարությունը մի վերացական բան է, որը մարդիկ չեն էլ կարողանում հասկանալ, թե իրենց կյանքի հետ ինչ կապ ունի»։

Վարդան Հարությունյանի կարծիքով` Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու, ամրապնդելու համար «պետք է կամքի դրսեւորում, այսինքն` հայաստանյան բարձրագույն իշխանավորները պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը որպես արժեք պետք է ներդրվի հասարակությունում»:

Միաժամանակ, նա նշեց, որ իշխանավորների ընկալումից շատ ավելի կարեւոր է սերնդափոխությունը. - «Պետք է նոր մարդիկ գան, որոնք անպայման գալու են, 21-րդ դարին հարիր մտածողությամբ մարդիկ, այդ ժամանակ ինչ-որ բան կփոխվի»։

Նա նշեց, որ անկախ Հայաստանում, այնուամենայնիվ, ինչ-որ բան արվել է, բայց 20 տարվա ընթացքում կարելի էր շատ ավելին անել. - «Այդ ժամանակը բաց է թողնվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG