Մատչելիության հղումներ

Ղարաբաղցի պատգամավոր Կամո Բարսեղյանը հայաստանյան լրատվամիջոցներից պահանջում է օգտագործել Լեռնային Ղարաբաղի նոր քարտեզը` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ)քարտեզի փոխարեն:

«Ինչո՞ւ են հայաստանյան բոլոր հեռուստաալիքները, լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները ցուցադրում կամ տպագրում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններով: Այդ իրավիճակին մեր կառավարությունը համաձա՞յն է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկի, որ այդ հարցը լուծում ստանա», - ԼՂ Ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Կամո Բարսեղյանը:

ԼՂ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը, արձագանքելով հարցին, մասնավորապես, ասաց թե իրենք լիազորություններ չունեն հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքին միջամտել, բայց` «հարցը քննարկումների առիթ է հանդիսանում»:

Լեռնային Ղարաբաղի նոր քարտեզը հայկական լրատվամիջոցներում գործածելու հարցը առաջին անգամ չէ, որ բարձրացվում է ԼՂ Ազգային ժողովում:

«Քանի դեռ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն ընդունել այնպես, ինչպես մեր քարտեզն է, այդ հաղորդումները [ԼՂԻՄ քարտեզի հեռարձակումը] այդպես էլ մնալու են»,- կարծիք հայտնեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը` հավելելով, թե ինքը հարցը շարունակաբար բարձրացնում է արդեն 4 տարի, սակայն քննարկումներն արդյունք չեն տվել:

«Նման իրավիճակը աննորմալ իրավիճակ է: Այդ հարցը տալով ես միտք ունեի [ստիպել] մեր կառավարությանը որոշակի քայլեր կատարել, որպեսզի եղբայրական Հայաստանում ճանաչեն մեր Սահմանադրությունը ու հարգեն մեր ընկերների թափած արյունով գծված սահմանները», - ԱԺ-ի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Կամո Բարսեղյանը - «Ես գտնում եմ, որ Հայաստանի իշխանությունները, կապված հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, վախկոտի դիրք են ընդունել: Այլ բացատրություն չկա», - հավելեց պատգամավորը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG