Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց Շեքսպիրյան միջազգային փառատոնը


Փառատենի հիմնադիր նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Փառատենի հիմնադիր նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Չորեքշաբթի օրը Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկեց Շեքսպիրյանի միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է ճանաչված շեքսպիրագետ Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Փառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով, ֆինանսական առումով փառատոնը այս տարի մեծ դժվարություններ է ունեցել, քանի որ պետական աջակցություն չի ունեցել:

«Փառատոնը շատ անհասկանալի պատճառներով, ի տարբերություն մյուս թատերական փառատոների, բյուջե չմտավ», - չորեքշաբթի օրը ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա:

Սա է, թերեւս, պատճառը, որ այս տարի բավական փոքր է փառատոնին մասնակցող թատերախմբերի թիվը:

Ղազանչյանը անգամ երկմտել է` անցկացնե՞լ այս տարի փառատոնը, թե՞ ոչ. - «Բայց երկու շատ կարեւոր հանգամանք ստիպեցին ինձ այնուամենայնիվ փառատոնը անել: Նախ` հնարավորություն ընձեռվեց հրավիրելու 20-րդ դարի խոշորագույն բեմադրիչ Փիթեր Բրուկին: Նրա ներկայացումն ենք հրավիրում, որը նա անցած տարի իրականացրեց Ցյուրիխի դրամատիկական թատրոնում: Կոչվում է «Warum, warum» («Ինչու, ինչու»): Երկրորդ հանգամանքը այն էր, որ շեքսպիրյան փառատոնը, փաստորեն, բավական լուրջ լիցք հաղորդեց հայ թատրոններին, ժամանակակից հայ թատերական դաշտին, որպեսզի բեմադրվեն շեքսպիրյան նոր ներկայացումներ»:

Նոր ներկայացումներով հանդես կգան Երեւանի դրամատիկական թատրոնը, Տիկնիկային թատրոնը, Սունդուկյանի թատրոնը (որի «Մակբեթ»-ով բացվում է փառատոնը), Վանաձորի թատրոնը եւ Մնջախաղի թատրոնը:

10-օրյա փառատոնին նոր ներկայացումներով մասնակցում են նաեւ երկու երիտասարդ բեմադրիչներ` Կարո Բալյանն ու Սուրեն Սաֆարյանը:

Փառատոնին մասնակցում են մեկական թատերախմբեր Իտալիայից, Ուկրաինայից եւ, ինչպես արդեն նշվեց, Շվեյցարիայից:

Հայաստանի շեքսպիրյան միջազգային փառատոնը պաշտոնապես ընդգրկվել է Գդանսկում (Լեհաստան) գրանցված Եվրոպական շեքսպիրյան փառատոների միավորման մեջ:

Այդուհանդերձ, Հայաստանի շեքսպիրյան միջազգային փառատոնի ճակատագիրը վտանգված է: «Եթե ես հայտնվեմ նույն պայմաններում, եթե մինչեւ այս տարեվերջ պարզվի, որ դարձյալ նույն դժվարություններն եմ ես քաշելու, բնականաբար, փառատոնը կփակվի», - հայտարարեց Հակոբ Ղազանչյանը:
XS
SM
MD
LG