Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հրավիրվել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է մասնակցելու նոյեմբերին Պորտուգալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Վերջինիս խոսքով, Հայաստանը հրավիրվել է գագաթնաժողովին, որովհետեւ Երեւանը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը:

«Մենք շատ երախտապարտ ենք Հայաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին այն մասնակցության համար, որը Հայաստանն ունենում է Կոսովոյի եւ Աֆղանստանի խաղաղապահ առաքելություններին, որը, հաշվի առնելով Հայաստանի չափերը, բավականին տպավորիչ է», - մանրամասնեց Սիմոնսը` շարունակելով. - «Այդ գագաթնաժողովում մենք հավանության ենք արժանացնելու [Հյուսիսատլանտյան] դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգը: Եվ այդ հավաքի ընթացքում մենք հետաքրքրված կլինենք լսել մեր գործընկերների տեսակետները ոչ միայն Աֆղանստանում ընթացող խաղաղապահ առաքելության վերաբերյալ, այլեւ այդ նոր հաստատվելիք ռազմավարական հայեցակարգի ու թե ինչպես է նշված հայեցակարգը նկարագրում ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի նման երկրների հետ»:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը երկարաձգող համաձայնությանը` Ռոբերտ Սիմոնսը, մասնավորապես, ասաց. - «Մենք ընդունում ենք այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ եւ դաշինքի մեջ է Ռուսաստանի ու ՀԱՊԿ այլ երկրների հետ, որն իր մեջ ներառում է ձեր տարածքում [ռուսական ռազմակայանի] ներկայությունը, որը մենք երբեք չենք քննադատել: [Միաժամանակ] Հայաստանի կառավարությունը հավասարապես ասել է, որ շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG