Մատչելիության հղումներ

logo-print

Դինքի ընտանիքի փաստաբանը բավարար է գնահատում Եվրադատարանի որոշումը


Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը Ստամբուլում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ակնկալում էին Մարդու իրավունքների եվրապական դատարանի որոշման մեջ տեսնել նշումը, որ Դինքը Թուրքիայում դատապարտվել է հայ լինելու համար, որ երկրում տեղի է ունեցել խտրականություն:

Այս պակասով հանդերձ, սակայն, Եվրադատարանի որոշումը «Ակոս»-ի սպանված խմբագրապետի ընտանիքի փաստաբանը բավարար է գնահատում. դատարանը դիտարկել է թե' սպանությունից առաջ Հրանտ Դինքի ներկայացրած բողոքը իրեն «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտելու մասին եւ թե' սպանությունից հետո նրա ընտանիքի անդամների բողոքը, որով Թուրքիայի իշխանությունները մեղադրվում էին լրագրողի կյանքի իրավունքը չպաշտպանելու մեջ:

Ֆեթհիյե Չեթինն ասաց, որ դեռ շարունակելու են պայքարը, պատրաստվում են դիմել Թուրքիայի դատական ատյաններին` երկրի Քրեական օրենսգրքի 301 հոդվածը վերացնելու պահանջով. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար պատիժ սահմանող այդ հոդվածով էր Դինքը դատապարտվել եւ ճանաչվել ցեղապաշտ: Եթե Թուրքիայի դատարանները չբավարարեն հայցը, կրկին կդիմեն Եվրադատարան:

Նաեւ նախատեսում են պայքարել, որպեսզի ի վերջո դատապարտվեն Դինքի անվտանգության համար պատասխանատու անձինք: Սպանության գործով դատաքննության ընթացքում բազմիցս նշվել է, որ Թուրքիայի ոստիկանությունը եւ ազգային անվտանգության մարմինները տեղյակ են եղել Դինքին սպանելու ծրագրերին, սակայն նրանք դա չեն կանխել: «Հատկապես Տրապիզոնի անվտանգության ուժերը, Տրապիզոնի ոստիկանական զորքերի հրամանատարությունը, Ստամբուլի անվտանգության ուժերը եւ լրաքաղության բաժանմունքի պատասխանատուները դատարանի առջեւ չեն կանգնել: Հետեւաբար, մենք պահանջելու ենք, որ այդ պատասխանատուները անպայման դատվեն, այդ մասին կրկին դիմում ենք ներկայացնելու», - ասաց Ֆեթհիյե Չեթինը:

Եվրադատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ առարկություն չեն ներկայացնի որոշման դեմ: «Արդեն առարկելու պատճառաբանություն չունեն, ինչի՞ վրա հենվելով պիտի առարկեն: Անշուշտ, առարկելը իրենց ավելի դժվար կացության կմատներ», - ընդգծեց Դինքի ընտանիքի փաստաբանը:

Երեքշաբթի երեկոյան` Եվրադատարանի որոշման հրապարակումից հետո, հայտարարությամբ հանդես եկավ Հրանտ Դինքի այրին: «2004 թվականի սկզբից թուրք հասարակությունը կազմակերպված ձեւով հայտարարում էր, թե Հրանտ Դինքը թուրքերի թշնամին է: Իր կենդանության ժամանակ Հրանտին ամենաշատ հուզողը ցեղապաշտի պիտակն էր, որովհետեւ նա իր ողջ կյանքի ընթացքում ցեղապաշտության եւ խտրականության դեմ է պայքարել», - ասված էր, մասնավորապես, Ռաքել Դինքի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG