Մատչելիության հղումներ

Երկօրյա այցով Հայաստան են ժամանել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վենետիկի հանձնաժողովի փորձագետ-խորհրդականները: Այցի նպատակը Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ ներկայացված առաջարկությունների քննարկումն է:

Ազգային ժողովը, հիշեցնենք, հանձնառել է մինչեւ այս տարեվերջ ավարտին հասցնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:

Չորեքշաբթի օրը փորձագետները առանձին հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների` Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ «Ժառանգության» պատգամավորների հետ, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների հետ:

«Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները, հիշեցնենք Վենետիկի հանձնաժողով են ուղարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրենց առաջարկությունները` որպես հակակշիռ իշխանությունների ուղարկած երկու նախագծերի:

«ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ստացել են իրենց առաջարկները:

«Դրանք, այնուամենայնիվ, առաջարկներ են, իսկ իշխանությունների կողմից ուղարկվել էին Ընտրական օրենսգրքի երկու նախագծեր», - ասաց Մարտիրոսյանը` ընդգծելով. - «Որեւէ դրական հույս չի տալիս, որ իշխանությունները պատրաստվում են նորմալ ընտրություններ անցկացնել եւ հերթական անգամ փորձում են, Ընտրական օրենսգրքում ունենալով բազմաթիվ բացեր, բազմաթիվ հնարավորություններ կեղծիքներ կատարելու, շարունակել այն արատավոր ընտրական պրակտիկան, որը եղել է մինչեւ այժմ»:

Վենետիկի հանձնաժողով իշխանությունների ուղարկած բարեփոխումների նախագծին, բնականաբար, ծանոթ չեն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ուստի եվրոպացի փորձագետների հետ հանդիպմանը ներկայացրել են գործող օրենսգիրքը բարեփոխելու իրենց առաջարկությունները:

«Կարծում եմ, որ կարեւորը քաղաքական կամքի դրսեւորումն է, որի արդյունքում մենք կարող ենք բարելավել ընտրությունները Հայաստանում», - ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` շարունակելով. - «Հենց այդ առաջարկությունների եւ միջազգային կազմակերպությունների առաջարկությունների ընդունումով իշխանությունները ցույց կտան` արդյո՞ք ունեն քաղաքական կամք փոփոխություններ մտցնելու ընտրությունների կազմակերպման հարցում»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի փոխանցմամբ, փորձագետների հետ հանդիպմանը իրենք առաջարկել են, որպեսզի ընտրական բարեփոխումների շուրջ անցկացվեն բաց քննարկումներ, որ միջազգային տարբեր կազմակերպությունները չսահմանափակվեն իշխանությունների ներկայացված բարեփոխումների տարբերակով:

Վաղը նախատեսված են եվրոպացի փորձագետների հանդիպումները կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG