Մատչելիության հղումներ

logo-print

Եվրադատարանը որոշում կկայացնի Ղարաբաղյան պատերազմի փախստականների հայցերով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լոգոն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լոգոն

Ղարաբաղյան հակամարտության մեկնարկից շուրջ երկու տասնամյակ անց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջին անգամ որոշում կկայացնի այդ պատերազմի արդյունքում փախստական դարձած մարդկանց վերաբերյալ, որոնց մի մասը դատի է տվել Հայաստանի, մյուսը` Ադրբեջանի կառավարությանը։

Նախ, առավոտյան դատարանը սկսեց քննել 6 ադրբեջանցիների ներկայացրած հայցը, որոնք մինչեւ 1992 թվականը ապրել են Լաչինում, սակայն պատերազմի հետեւանքով ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը, եւ մինչ օրս, ըստ գործի նյութերի, անկարող են այնտեղ վերադառնալ` «հայկական կողմի օկուպացիայի պատճառով»։

Հայցվորները պնդում են, թե ոչ միայն կորցրել են իրենց տունն ու կարողությունը, այլեւ զրկվել այն տեսանելի ապագայում օգտագործելու, ժառանգելու կամ զարգացնելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել նրանց դիմումները` Լաչին վերադառնալու վերաբերյալ։

Նշելով, որ Հայաստանի իշխանությունները որեւէ փորձ չեն արել` իրենց փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաեւ բռնի տեղահանված անձանց խնդիրը լուծելու ուղղությամբ, հայցվորները վկայաբերել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթները սեփականության իրավունքի պաշտպանության, անձնական ու ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի, ինչպես նաեւ փոխհատուցում ստանալու վերաբերյալ։

Բացի այդ, Հայաստանի կառավարության դեմ հայցում ադրբեջանցիները նաեւ նշել են կոնվենցիայի 14-րդ հոդվածը` խտրականությունը արգելելու վերաբերյալ, պնդելով, թե եթե իրենք էթնիկ հայ կամ քրիստոնյա լինեին, բռնի ուժով չէին տարհանվի Հայաստանի աջակցությունը վայելող ղարաբաղյան զորքերի կողմից։

Օրվա երկրորդ կեսին դատարանը անցավ գրեթե նույն հիմնավորումներով ու փաստարկներով, սակայն այս անգամ` Ադրբեջանի դեմ Մինաս Սարգսյանի կողմից ներկայացված հայցի քննությանը։

Գործում հայցվորը նշել է, որ մինչեւ 1992 թվականը ընտանիքով ապրել է հիմնականում հայերով բնակեցված Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, սակայն ադրբեջանական զորքերի ռմբակոծությունից հետո ողջ գյուղը, այդ թվում հայցվորի ընտանիքը, ստիպված է եղել լքել բնակավայրը։

Հայցում Սարգսյանը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է իրեն բռնի տեղահանելու, սեփականությունից զրկելու, հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք կիրառելու, ինչպես նաեւ հայկական գերեզմանատներն ու խաչքարերը պղծելու համար։

Թեեւ նշված երկու հայցերը ներկայացվել են տարբեր ժամանակահատվածներում` մեկը` 2005 թվականի ապրիլին, մյուսը` 2006 թվականի օգոստոսին, այդուամենայնիվ, դատարանը որոշել է դրանք քննել միեւնույն օրը` մի քանի ժամվա տարբերությամբ։

Չորեքշաբթի ուշ երեկոյան դատարանի վճիռները այս երկու գործերով դեռ հրապարակված չէին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG