Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանը հինգշաբթի օրվանից սկսելու է խաղողի մթերումը:

«[Մթերման] Գինը կպահպանվի 130 դրամ Արարատյան դաշտավայրում` Այգեվանում եւ Արմավիրում, եւ 120 դրամ` Տավուշում», - երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Պայմանագիր ունեցող շուրջ 5 հազար խաղողագործներից գործարանը պատրաստվում է մթերել 29 հազար տոննա խաղող:

«Մեր պահանջը որակի առումով լինելու է առանց կոմպրոմիսի. ընդունելու ենք միայն բարձր որակի խաղող: Խաղողը հանձնելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում իրենց գումարը կստանան», - նշեց Գրիգորյանը:

Խաղողագործները, մինչդեռ, դժգոհ են գործարանի սահմանած գներից:

«80 դրամ [մեկ կիլոգրամը] արդեն նստել է խաղողագործի վրա: Գոնե 200, 180 դրամ, որ գոնե կարողանանք տեղավորվել: Թե չէ ոչ մի բան չենք կարող անել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջրաշեն գյուղի խաղողագործներից մեկը:

Խաղողագործները նաեւ բողոքեցին, որ իրենց բերքը շատ ավելին է, քան պայմանագրերում նշված քանակը, իսկ գործարանը հրաժարվում է այդ ավելցուկը ընդունել:

«Որովհետեւ տարեցտարի իրենց խաղողն ավելանում է, իսկ մեր հնարավորությունները անսահմանափակ չեն», - փաստարկեց Արա Գրիգորյանը:

Ջրաշենցի խաղողագործներից շատերը մթերման պայմանագրեր չունեն:

«Ասացին, որ գյուղը գնա պայմանագիր կնքի Ծառուկյան Գագոյի Մասիսի գործարանի հետ: Հետո ասացին, թե չէ` այնտեղ պետք է Բարգավաճ կուսակցության անդամ լինես, որ խաղողն ընդունեն: Սա ի՞նչ պայման է», - դժգոհեց մի ջրաշենցի:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ խաղողի մթերումը պայմանավորված չէ կուսակցական պատկանելությամբ:

Արա Գրիգորյանը ասաց նաեւ, որ Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանը որոշել է թանկացնել իր արտադրանքը:

«Երեք աստղ, հինգ աստղի գինը չենք փոխելու: «Անի», «Ընտիր» եւ «Աղթամար» կոնյակները 1-2 տոկոս կթանկացնենք: «Նաիրի»-ն բավականին շատ կթանկացնենք», - ասաց գործարանի տնօրենը:

Ֆինանսական տարում (անցյալ տարվա հուլիսից մինչեւ այդ տարվա հուլիսը) գործարանը Ռուսաստանում ունեցել է վաճառքի մինչեւ 35 տոկոսի անկում, իսկ տեղական շուկայում, ըստ Արա Գրիգորյանի, վաճառքի աճ է արձանագրվել:

XS
SM
MD
LG