Մատչելիության հղումներ

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը քննադատում է Բրայզայի «խուսափողական» պատասխանները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզա

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզա

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզան շարունակում է խուսափողական պատասխաններ տալ սենատորների հարցերին՝ հայտարարում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը, ով անցած ամիս որոշեց առկախել դիվանագետի թեկնածության շուրջ քվեարկությունը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հավելյալ գրավոր հարցեր է առաջադրել Մինսկի խմբի նախկին համանախագահին։

Հարցերից մեկը, մասնավորապես, վերաբերվում է հունիսի 18-ին Ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցած արյունալի միջադեպին, որի արդյունքում հայկական կողմից զոհվել էր չորս զինծառայող, ադրբեջանական կողմից՝ մեկ։ Պնդելով, թե Բրայզան իրարամերժ պատասխաններ է տվել միեւնույն միջադեպի շուրջ սենատորների գրավոր եւ բանավոր հարցերին, մասնավորապես՝ բանավոր ելույթում հայտարարել է, թե ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ադրեջանական զորքերի կողմից շփման գիծը հատելու պատճառով, իսկ գրավոր պատասխանում խուսափել է պատասխանատվությունը դնել Ադրբեջանի վրա, Բոքսերը Բրայզայից հարցրել է. - «Ինչու են ձեր գրավոր եւ բանավոր պատասխանները միմյանցից տարբերվում: Ընդունո՞ւմ եք, որ այդ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ, եւ արդյո՞ք միանշանակորեն դատապարտում եք պատերազմը վերսկսելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից կրկնվող սպառնալիքները»։

Ի պատասխան` Բրայզան գրել է. - «Թեեւ ես ասացի, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի՝ շփման գիծը հատելու հետեւանքով, սակայն, առայժմ անհայտ են բոլոր այն մանրամասները, որոնք հանգեցրել են այդ ողբերգական միջադեպին։ Իմ նախկին պաշտոնավարման ընթացքում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ եւ փոխպետքարտուղարի տեղակալ, ես շարունակաբար դատապարտել եմ պատերազմի վերսկսման բոլոր սպառնալիքները, ընդգծել եմ, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ, եթե հաստատվեմ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ կշարունակեմ խստորեն առաջ տանել այս ուղերձը»։


Սենատոր Բոքսերի հարցերին ի պատասխան` Բրայզան նաեւ ընդգծել է, որ մշտապես պաշտպանել է այն դիրքորոշումը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, տարածքային ամբողջականությունից բացի, պետք է ներառի նաեւ միջազգային իրավունքի այլ սկզբունքներ՝ ազգերի ինքնորոշումն ու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։

«Միայն այս երեք հիմնական սկզբունքների վրա հիմնված բանաձեւը կարող է տանել Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընդունելի կարգավորման»,- գրել է Մեթյու Բրայզան:

Հայամետ սենատորը դիվանագետին հարցեր է ուղղել նաեւ Հին Ջուղայի 1300-ամյա հայկական գերեզմանատանը տեղի ունեցած ավերումների ու պղծումների վերաբերյալ, փաստելով, որ Բրայզան միջադեպերը դատապարտել է այն պատկերող տեսագրությունների տարածումից երեք տարի անց միայն, այն էլ՝ լրագրողների հարցերին ի պատասխան:
«Արդյոք ձեր երկարատեւ լռությունը նպատակ ուներ կոծկել տեղի ունեցածը, եւ ով է պատասխանատու Ջուղայի խաչքարերի ոչնչացման համար» հարցերին՝ Բրայզան պատասխանել է. - «Ես այդ միջադեպի վերաբերյալ լուրջ անհանգստություն եմ հայտնել Ադրբեջանի ղեկավարության հետ դեմ առ դեմ կայացած իմ հանդիպումներում, որոնց հետեւել է նաեւ իմ հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ»։
Անդրադառնալով մեղավորների մասին հարցին՝ Բրայզան դիվանագիտորեն նշել է. - «Ինձ թվում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատու են Ադրբեջանի իշխանությունները»։

ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը հերթական անգամ քննադատել է դիվանագետի ներկայացրած պարզաբանումները՝ դրանք որակելով խուսափողական եւ ոչ լիարժեք:

«Ամեն անգամ փորձելով խուսափել հստակ պատասխանից՝ Բրայզան ավելի ու ավելի վատ դրության մեջ է դնում իրեն՝ ցույց տալով, թե որքան սխալ է նրա թեկնածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: «Միացյալ Նահանգների շահերը Բաքվում եւ Կովկասյան տարածաշրանում լավագույն սպասարկելու համար անհարժեշտ է նոր սկիզբ եւ նոր թեկնածու», - ընդգծել է Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG