Մատչելիության հղումներ

Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը


Հայաստանում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսը, որին այսօր ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են այս օրերին Հայաստանում ընթացող տարերային աղետների հետեւանքների վերացման միջազգային ուսումնական վարժանքներին` որպես Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ արդյունավետ համագործակցության լավ օրինակ:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր է ամրապնդել այն` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը: Նա շեշտել է նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:

Ռոբերտ Սիմոնսը ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG