Մատչելիության հղումներ

Zaman. «Թուրքիայի միակ հայկական գյուղը կողմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումներին»


Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկները

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկները

Մուսա լեռան լանջերին գտնվող Վաքըֆլը գյուղը, որն այսօր Թուրքիայում գտնվող միակ հայկական բնակավայրն է, կիրակի օրը կայացած քվեարկության ընթացքում կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումների փաթեթին, գրում է Zaman-ը:

Թուրքական պարբերականի թղթակիցը արձանագրում է. - «Քվեարկությանը մասնակցած 81 գյուղացիներից 46-ը, կամ ընտրությանը մասնակցածների 56 տոկոսը, կողմ քվեարկեց նորացված Սահմանադրությանը: Դեմ էր 31 հոգի, եւս 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել»:

Պարբերականը հատուկ նշում է, որ Վաքըֆլըում քվեարկության արդյունքները զգալիորեն տարբերվում են հարեւան բնակավայրերում արձանագրված արդյունքներից: «Հաթայում սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 48, իսկ դեմ` 51 տոկոսը: Սամանդաղ գավառում, որի կազմում է գտնվում հայկական Վաքըֆլըն, նորացված Սահմանադրությանը կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների ընդամենը 14 տոկոսը», - գրում է Zaman-ը:

Գյուղապետ Պերճ Քարթունը հայկական գյուղում քվեարկության նման արդյունքները պատահական չի համարում:

«Թուրքիայի հայերի նկատմամբ բանեցվող ճնշումները «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության տարիներին դադարել են: Մենք վերջապես խաղաղ ապրելու հնարավորություն ենք ստացել», - Zaman-ին տված հարցազրույցում ասել է Քարթունը:

Թերթը նաեւ նշում է, որ Միջերկրականի ափին գտնվող Վաքըֆլըում բնակվող հայերի համար տարիներ շարունակ անլուծելի խնդրի էր վերածվել տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման հարցը:

«1989 թվականին գյուղի բնակիչները պաշտոնական դիմում ներկայացրեցին տեղական իշխանություններին` եկեղեցու փլուզված պատը վերականգնելու խնդրանքով: Հայ գյուղացիների այս դիմումը մերժվեց: Երբ գյուղի բնակիչները փորձեցին սեփական ուժերով վերականգնել եկեղեցու պատը, գյուղապետի եւ մի քանի այլ գյուղացիների դեմ դատական գործ հարուցվեց», - նշում է թերթը:

Zaman-ի մեկնաբանը նաեւ նկատում է, որ ժամանակին Վաքըֆլըն այս շրջանի ամենամեծ գյուղերից էր: «Բնակչության թվաքանակն այստեղ տարեցտարի նվազում է: 1964 թվականին գյուղը 320 բնակիչ ուներ, այսօր Վաքըֆլըում 135 հայ է բնակվում», - գրում է թերթը` հատուկ հիշեցնելով, որ հենց այս գյուղից են սերում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծնողները: «Նրա ընտանիքը սկզբում տեղափոխվել է Սիրիա, այնտեղից էլ` Հայաստան», - նշում է թուրք լրագրողը:

«Թուրքիայում կատարվող փոփոխությունները ըմբռնելու համար պարզապես անհրաժեշտ է զրուցել Վաքըֆլըի բնակիչների հետ», - գրում է Zaman-ի մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG