Մատչելիության հղումներ

ՀԱԿ. «Youtube-ի տեսանյութում պատկերվածը դավաճանության ծանրագույն հանցանք է»


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեկ հայտարարությամբ անդրադարձել է անցած շաբաթավերջին Youtube-ում տեղադրված տեսանյութին, որտեղ ճնշումների, ծեծի եւ ստորացման են ենթարկվում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներ:

«Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե'ւ ինքնասպանության, ե'ւ սպանություն, ե'ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ։ Լավագույն դեպքում` նա տուն կվերադառնա ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես լիակատար խեղված վիճակում։ Մի բան նա հաստատ չի անի` անհրաժեշտության դեպքում չի կռվի հակառակորդի դեմ։ Այդպե'ս են ոչնչացնում բանակը եւ հանձնում Ղարաբաղը», - հայտարարում է ընդդիմադիր շարժումը։

Պնդելով, որ «հիշյալ տեսանյութում բավարար հստակությամբ պատկերված երկու զինվորների եւ սպայի ինքնության ճշտումը տեխնիկական զինվածության ներկա պայմաններում եթե ոչ ժամերի, ապա ընդամենը մի քան օրվա պարզագույն խնդիր է», ՀԱԿ-ը հայտարարում է. - «Կատարվածը դավաճանության ծանրագույն հանցանք է` ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի` բանակի քայքայման ու բարոյալքմանը։ Իշխանությունը պարտավոր է առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել այդ սպային, գործի քննությունը տանել հրապարակային` դրան մասնակից դարձնելով նաեւ քաղաքացիական հասարակությանը։ Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների, ինչպես նաեւ տեսանյութի հեղինակի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը»։

Ելնելով տեսանյութի առնչությամբ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից` ՀԱԿ-ը մտավախություն ունի, թե «իշխանությունն արդեն իսկ սույն փաստը ծածկադմփոց անելու քաղաքական որոշում ունի», ուստի կոչ է անում բոլոր քաղաքացիներին` ուշադիր նայել տեսանյութը, եւ երկու զինվորներին ու սպային ճանաչողներին խնդրում է տեղեկություններ հաղորդել Կոնգրես։

«Այս գործը պետք է բացվի ու պատժվի ամենայն խստությամբ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG