Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 14-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով շաբաթ օրը Youtube-ում տեղադրված տեսանյութին, գրում է. - «Կիսամերկ մի սադիստ, ըստ երեւույթին` «սպա», ամենագարշելի ձեւով ստորացնում է զինվորական հագուստով երկու պատանիների` քաշելով նրանց ականջները եւ ապտակելով նրանց.... Ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ, այդ տեսանյութն արտացոլում է իշխանության էությունը: Ոչ միայն այսօրվա Հայաստանի իշխանության, այլեւ բոլոր ժողովուրդների եւ բոլոր ժամանակների` սկսած նախնադարյան համայնական կարգերից: Ինչի համար են մարդիկ ձգտում իշխանության: Փողն այստեղ երկրորդական գործոն է. նրանց պետք է գտնել թույլին եւ քաշել նրա ականջները: Մարդկանց ինքնահաստատվելու այս պաթոլոգիկ ձգտումը տարբեր տեղեր տարբեր` ավել կամ պակաս «քաղաքակիրթ» ձեւեր է ընդունում: Բայց էությունը նույնն է: Իդեալական տարբերակն այն է, որ աշխարհում ոչ մի իշխանություն չլիներ: Ցավոք սրտի, դա հնարավոր չէ»:

Նույն տեսահոլովակին անդրադառնալով` Հելսինկյան ասամբլեայի նախագահ Միքայել Դանիելյանը «Հրապարակ»-ում գրում է. - «Որեւէ անակնկալ Youtube ցանցում շրջանառված տեսանյություն չկա: Դա պիտի լիներ եւ կլինի այնքան ժամանակ, որքան մեր իշխանությունները ոտնահարում են մարդու իրավունքները: Կարեւոր չէ` այդ երեւույթները բանակում են տեղի ունենում, թե ոչ: Նույնը կատարվում է նաեւ ոստիկանությունում եւ ցանկացած ուժային կառույցում: Դա մեր պետության համար շատ սովորական նկար է, եւ արտառոց բան չկա, քանի դեռ պետությունը նման քաղաքականություն է որդեգրել մարդու իրավունքների նկատմամբ»:

«Ադրբեջանը կանգնեց բացարձակ տապալման առաջ եւ նահանջեց» վերնագիրը կրող հրապարակման մեջ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գնահատում է. - « Եվ, այնուամենայնիվ, առաջնայինը հարցն է, թե ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել ՄԱԿ-ում «թքածը լիզելու» Ալիեւի քայլը։ Ինքնին հասկանալի է, որ բանաձեւի նախագիծը շրջանառությունից հանելը սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբներին իրականացվելիք դաշտային առաքելությամբ բացատրելն ընդամենը հարմար պատրվակ է ադրբեջանական իշխանությունների «դեմքը պահելու» համար։ Իրականությունն այն է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորումը շարունակ այլ կառույցներ «փոխադրելու» շարունակական մղումներով Ադրբեջանը սպառել է այդ խնդրով մասնագիտորեն զբաղվող միջնորդների համբերությունը։ Բոլորին հասկանալի է, որ կարգավորման ձեւաչափի փոփոխությունը կարող է հանգեցնել հիմնախնդրի շուրջ լարվածության ուժգնացման, ընդհուպ մինչեւ ցնցումային զարգացումների, որոնք անցանկալի են մեր տարածաշրջանով հետաքրքրված աշխարհաքաղաքական կենտրոնների համար»։

«ԵԽԽՎ օրակարգում էլի մեր հարցն է» խորագրի ներքո «Հայկական Ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում, Ֆրանսիայի ժամանակով 14.00-15.00 տեղի է ունենալու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանի հարցը: Նիստին ներկա է լինելու եւ ելույթով հանդես է գալու ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Օրակարգը հետեւյալն է. նախ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացնելու է, թե ինչ է այս ընթացքում իշխանությունների կողմից արվել` մեր երկրի վերաբերյալ ընդունված ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարման ուղղությամբ, ինչին հաջորդելու են քննարկում-լսումներ»:

«Կապիտալ» թերթում կարդում ենք. - «Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի՝ Թեհրան կատարելիք այցի ժամանակ նախատեսվում է, որ երկու երկրների միջեւ կստորագրվի ազատ առեւտրի համաձայնագիր։ Ինչպես գրում է Tehran Times-ը, իրանական կողմը ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը Երեւանի քննարկմանն էր ներկայացրել 2009թ. օգոստոսին։ Այս տարվա սեպտեմբերին նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թեհրան, իսկ հոկտեմբերի երկրորդ կեսին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը։ Ամենայն հավանականությամբ՝ փաստաթուղթը կստորագրվի վարչապետի՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակում։ Այս տարվա սկզբին Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ համատեղ նիստից հետո Երեւանում Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել էր, որ այս փաստաթուղթը հնարավորություն կտա երկու երկրների միջեւ առևտրաշրջանառությունը հասցնել 500 մլն ամերիկյան դոլարի։ Նշենք, որ այս տարվա յոթ ամիսներին երկու երկրների առեւտրաշրջանառությունը կազմել է 113 մլն դոլար, այդ թվում՝ Հայաստանից Իրան արտահանումը՝ 3 մլն, իսկ ներկրումը՝ 99,7 մլն դոլար։ 2009 թվականին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 153,4 մլն դոլար։»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG