Մատչելիության հղումներ

Ալեքսանյանը «Բարեկամություն» կայարանի գետնանցումի տարածքը ձեռք բերելու մտադրություն չունի


Գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Հայաստանյան խոշոր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքելով տարածված լուրերը` ասաց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի տարածքը ձեռք բերելու մտադրություն չունի:

«Նման բան չկա: Ես նույնիսկ թերթում կարդացի, զարմացա», - ասաց նա:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողներին այդ տարածքից քաղաքային իշխանությունները տարիներ առաջ փորձել են հանել, սակայն ապարդյուն:

Գետնանցումի տաղավարներից մեկի սեփականատեր Ռոբերտ Գասպարյանը, ով նաեւ Փոքր եւ միջին ձեռներեցների միության նախագահն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հետեւյալը. - «Մի 3-4 տարի առաջ մի կազմակերպություն կար, որը փորձեց վերցնել: Մենք դիմեցինք նախագահին, ցույցեր արեցինք: Վերջում դատարանի միջոցով չեղյալ համարեցինք իրենց պայմանագիրը, որովհետեւ թաղապետարանը արդեն տվել էր պայմանագիր: Ամբողջ տարածքը 25 տարով տվել էր»:

Գետնանցումում առեւտրով զբաղվող տնտեսվարողները հայտարարում են, որ վճռական են լինելու իրենց իրավունքները պաշտպանելու հարցում:

«Պատրաստ ենք օրվա հացի համար պայքարելու», - ասաց կրպակում աշխատողներից մեկը:

«Եթե գնի [Ալեքսանյանը], մենք կհայտնվենք փողոցում», - շարունակեց նրա գործընկերը` հավելելով. - «Եթե այդ գործարքը կատարվի, 4-5 հազար ընտանիք զրկվում է օրվա հացից: Ամեն դեպքում դուրս կգանք փողոց, կպայքարենք մեր իրավունքների համար»:

Ռոբերտ Գասպարյանի խոսքով, իրենք երկարաժամկետ պայմանագրերով վարձակալում են տարածքները եւ, տաղավարները շահագործելուց բացի, հոգում են գետնանցումի մաքրության հետ կապված հարցերը:

Նշված գետնանցումում գործում է ավելի քան 170 առեւտրային տաղավար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG