Մատչելիության հղումներ

Ղազախ ռեժիսորը հակադարձում է Հոլիվուդին


Յերկին Ռակիշեւը «Իմ եղբայր Բորատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Յերկին Ռակիշեւը «Իմ եղբայր Բորատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ղազախստանի ու ղազախների մասին 2006 թվականին էկրան բարձրացած աղմկահարույց ֆիլմից` «Բորատ»-ից հետո, ղազախ ռեժիսորները որոշել են պատասխան հարվածը հասցնել Հոլիվուդին: «Իմ եղբայր Բորատը». այսպես է կոչվում ռեժիսոր Յերկին Ռակիշեւի ժապավենը, որը, Ռակիշեւի խոսքով, դառնալու է աշխարհահռչակ երգիծաբան Սաշա Բարոն Կոենի մարմնավորած Բորատի ոչ պաշտոնական շարունակությունը։

Թեեւ աղմկահարույց ֆիլմից հետո, մի շարք արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, կտրուկ ավելացել էր Ղազախստան այցելել ցանկացողների թիվը, այդուամենայնիվ, երկրի ներսում ֆիլմը միանշանակ չէր ընդունվել . շատերը մինչ օրս պնդում են, որ այն վարկաբեկել է ղազախ ժողովրդին եւ աղավաղել իրական պատկերը, որն այժմ Յերկին Ռակիշեւը փորձում է վերականգնել:

«Վերջերս ընկերներս մի պատմություն պատմեցին միջազգային մրցաշարում անցկացված մի հանդիպումից. նրանց խոսքով, երբ հայտարարել են մասնակից հավակաքանների անունները` Շվեդիա, Անգլիա,... հետո հասել Ղազախստանին, ողջ լսարանը սկսել է ծիծաղել։ Նախկինում մենք հպարտությամբ էինք հայտարարում մեր` ղազախ լինելու մասին, իսկ այժմ ստիպված ենք ինքներս մեզնից ամաչել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ֆիլմի ռեժիսորը։

Ռակիշեւի ֆիլմում գլխավոր հերոսը շարքային ամերիկացի Ջոնն է, ով Բորատի մասին ֆիլմը դիտելուց հետո որոշում է անձամբ մեկնել Ղազախստան եւ իր աչքով տեսնել այդ երկրի «էկզոտիկան»։ Հայտնվելով երկրում` Ջոնը ծանոթանում է նույն Բորատի կրտսեր եղբոր` Բիլլոյի հետ, ու սկսում ուսումնասիրել կյանքը ետխորհրդային հանրապետությունում։ «Այս ֆիլմում, անշուշտ, կլինեն երգիծական տեսարաններ, նույնիսկ` որոշ կոպիտ կատակներ, սակայն դրանք գռեհկության չեն հասնի», - խոստանում է ռեժիսորը եւ ընդգծում. - «Մեր նպատակն է աշխարհին ցույց տալ Ղազախստանի իրական դեմքը` այդ երկու հերոսների, երկրորդ պլանում ընկած երկնաքերերի, հսկայական այգիների ու մարդկանց միջոցով»։

Ռակիշեւը չի բացառում, որ «Բորատ»-ի հեղինակները կարող են իրեն դատի տալ հեղինակային իրավունքը ոտնահարելու համար, սակայն դրանից ամենեւին չի վախենում: « Եթե գնան այդ քայլին` կգովազդեն իմ ժապավենն ու հավելյալ հրապարակայնություն կտան դրան», - ասում է ռեժիսորը։

Ֆիլմի մեծ մասը, վերջինիս խոսքով, արդեն նկարահանված է, եւ եթե ամեն ինչ ընթանա ծրագրված սցենարով, Բորատի եղբայր Բիլլոն ղազախական, հնարավոր է` նաեւ ամերիկյան էկրաններ կբարձրանա արդեն գալիք տարվա սկզբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG