Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը հանդիպումներ է անցկացնում Հայաստանի ղեկավարության հետ


ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալի օգնական Թին Քեյդենաուն եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 13-ը սեպտեմբերի, 2010թ.

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալի օգնական Թին Քեյդենաուն եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 13-ը սեպտեմբերի, 2010թ.

ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին, ով կիրակի օրվանից տարածաշրջային այցի շրջանակներում գտնվում է Երեւանում, երկուշաբթի օրը ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել ռազմաքաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում հայ - ամերիկյան գործակցությունից` կարեւորելով նաեւ Հայաստան - ԱՄՆ տնտեսական համագործակցության զարգացման եւ առեւտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:

Սերժ Սարգսյանի հավաստմամբ` Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման կարեւոր գործոն:

Սերժ Սարգսյանը եւ Թինա Քայդանաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկյան ներգրավվածությունը: Հանդիպման մասնակիցները կարեւորել են «Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը` հույս հայտնելով, որ այդ ձեւաչափով ընթացող բանակցությունները կտան անհրաժեշտ արդյունք»:

Նախօրեին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլաթի Քլինթոնի երեւանյան այցով:

Իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Քեյդոնաուհի հանդիպմանը ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը եւ «կարեւորվել շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը` որպես կարեւոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար»:

Դեսպան Քեյդենաուն Հայաստանի եւ կովկասյան այլ երկրների հետ հարաբերությունների գծով անմիջական պատասխանատու պաշտոնյան է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում: Վերջին անգամ նա Հայաստան էր այցելել ընթացիկ տարվա մայիսին: Նախագահ Սերժ Սարգսյանից եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներից բացի, այն ժամանակ նա հանդիպումներ են ունեցել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` քննարկելով, մասնավորապես, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:

Մայիսյան այցի ընթացքում Քեյդենաուն հայտարարել էր. - «Հայաստանը կարեւոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային անվտանգությունն ու խաղաղապահ գործողությունները Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում»:

Մինչեւ Թինա Քեյդենաուի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնի հավակնորդ Մեթյու Բրայզան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG