Մատչելիության հղումներ

Լուժկովի գլխին «ամպեր են կուտակվել»


Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Մայիս, 2010 թ.
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Մայիս, 2010 թ.

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկության հարցը կարող է վերջնականապես լուծվել մինչեւ այս շաբաթավերջ:

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը «Վեդոմոստի» պարբերականի հետ զրույցում պնդել է, թե պաշտոնական Կրեմլը դժգոհ է նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի վերաբերյալ` քաղաքապետի եւ նրան սպասարկող լրատվամիջոցների վերջին հայտարարություններից։

Ամենամեծ դժգոհությունը այս շարքում, ըստ փորձագետների, առաջ է բերել Լուժկովի հոդվածը «Ռոսիյսկայա գազետա»-ում, որտեղ քաղաքապետը պաշտպանել էր Խիմկիի անտառով դեպի Սանկտ-Պետերբուրգ ավտոմայրուղի կառուցելու նախագիծը։

«Մոսկվայի իշխանությունները չափից ավելի փութաջանություն դրսեւորեցին նախագահի եւ վարչապետի միջեւ սեպ խրելու ուղղությամբ, եւ այդ փորձերը անարձագանք չեն մնա», - անցած չորեքշաբթի օրը «Ինտերֆաքս»-ին ասել էր Կրեմլի անանուն աղբյուրը։

1992-ից պաշտոնավարող Լուժկովի դեմ ընդգծված «տեղեկատվական պատերազմը» սկսվեց անցած շաբաթ՝ օր-օրի խտացող գույներով ու հարձակման առավել խիստ միջոցներով: Նախ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կայքէջը հրապարակեց «Կհեռանա՞ արդյոք Լուժկովը Իլյումժինովի նման» հոդվածը, որտեղ փորձագետները պնդում էին, թե դա կլինի ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը։

Ապա «պայքարին» միացան «Էն-Տե-Վե», «Օ-Էռ-Տե», «Էռ-Տե-Էռ» հեռուստաընկերությունները՝ մեկը մյուսի հետեւից հետաքննական ռեպորտաժներ հեռարձակելով քաղաքապետի եւ նրա տիկնոջ՝ Ռուսաստանի մեծահարուստներից մեկը համարվող Ելենա Բատուրինայի գործունեության մասին։ Ռեպորտաժներում բացահայտ կերպով ընդգծվում էր, որ վերջինս իր կարողությունը վաստակել է հենց Մոկսվայի իշխանությունների հետ «սերտ կապերի» հաշվին, որ քաղաքապետը «ոչնչացրել է Մոսկվայի պատմական կենտրոնը» եւ «որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել մոսվացիների բազմաթիվ խնդիրերը լուծելու ուղղությամբ»։

Չնայած իշխանամետ լրատվամիջոցների ու քաղաքական ուժերի քննադատությանը, ինքը՝ Յուրի Լուժկովը, անցած շաբաթավերջին հայտարարեց, թե վաղաժամ հրաժարական ներկայացնելու որեւէ պատճառ չի տեսնում։

Մինչդեռ փորձագետները պնդում են, թե Կրեմլին ձեռնտու է նրան հենց հիմա պաշտոնից հեռացնելը:

«Այլապես, եթե դա տեղի ունենա 2011 թվականի հունիսին նշանակված ընտրություններից հետո, նոր քաղաքապետին քիչ ժամանակ կմնա հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին պատրաստվելու համար», - «Վեդոմոստի»-ին ասել է նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG