Մատչելիության հղումներ

«Բացը, որ առաջացել է Հրանտ Դինքի կորուստով, չի կարող լրացվել»


Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրությունում, 7-ը հոկտեմբերի, 2005թ.
Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրությունում, 7-ը հոկտեմբերի, 2005թ.
Այն բացը, որ առաջացել է Հրանտ Դինքի կորուստով, չի կարող լրացվել, ասել է «Ակոս»-ի նոր խմբագիր Ռոբեր Կոպթաշը թերթի սպանված խմբագրապետի տարեդարձի կապակցությամբ Zaman պարբերականին տված հարցազրույցում. սեպտեմբերի 15-ին լրանում է Դինքի ծննդյան 56-ամյակը:

«Ոչ ոք ի վիճակի չէ այն [այդ բացը] լրացնել, չնայած այժմ ավելի շատ երիտասարդներ են պատրաստ խոսել քաղաքական հարցերի շուրջ», - ասել է Կոպթաշը:

«Հրանտ Դինքը Թուրքիայի հայ համայնքի գործն էր թեթեւացնում: Ի դեմս Հրանտ Դինքի` Թուրքիայի հայերը գտել էին համարձակ ու ազնիվ մեկին, ով խոսում էր իրենց խնդիրների եւ շահերի մասին», - նշել է «Ակոս»-ի նոր խմբագիրը:

Նշելով, որ «Հրանտ Դինքը կարծես դարձել էր Թուրքիայի հայ համայնքի միակ խոսնակը», Zaman-ի թղթակիցը հարցնում է, թե արդյոք էլ ո՞վ կարող է ներկայացնել համայնքը:

Ռոբեր Կոպթաշն ասում է, որ իդեալական կլիներ, եթե ավելի շատ հայեր եւ ոչ հայեր հավաքվեին ոչ կառավարական կազմակերպություններում եւ արտահայտեն իրենց մտքերը տարբեր քաղաքացիական հարթակներում, սակայն իրականում ամեն ինչ լրիվ այլ է: Կան մարդիկ, որ ընտրվում են հիմնադրամների ղեկավարներ, չնայած որոշակի խնդիրներ կան նրանց ընտրության հետ կապված, սակայն նրանք իրենց պաշտոնները ստանում են թուրքահայ հանրության ձայների շնորհիվ: «Մենք պետք է նրանց խրախուսենք, որ ավելի շատ արտահայտվեն, ավելի բաց խոսեն, սակայն պետք է նաեւ հաշվի առնենք այն փաստը, որ այդ հիմնադրամները ստեղծվել են հիմնականում եկեղեցիներն եւ դպրոցները պահպանելու համար, եւ նրանց գործունեության ոլորտն ու ազդեցությունը սահմանափակ է», - նշում է «Ակոս»-ի խմբագիրը:

Կոպթաշը հիշեցնում է, որ ավելի վաղ` մինչեւ թուրքական հանրապետության ի հայտ գալը, համայնքը ընտրում էր իր ներկայացուցիչներին, սակայն դա վերացվեց հանրապետության ստեղծումից հետո: Եթե այժմ էլ նման մեխանիզմ լիներ, ապա, ըստ «Ակոս»-ի խմբագրի, կարիք չէր լինի խոսելու, թե ով է ներկայացնելու Թուրքիայի հայ համայնքը. կլինեին ընտրովի ներկայացուցիչներ, որոնք կխոսեին թուրքահայերի քաղաքական եւ մշակութային խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG