Մատչելիության հղումներ

Հայագիտությունը արտասահմանում «մեծ վերելք է ապրում»


Լոս Անջելեսի «Նարեկացի» կենտրոնի ղեկավար Փիթեր Քաուին:

Լոս Անջելեսի «Նարեկացի» կենտրոնի ղեկավար Փիթեր Քաուին:

Ի տարբերություն Հայաստանում հայագիտական առարկաների նկատմամբ երիտասարդության շրջանում վերջին տարիներին նկատվող հետաքրքրության անկման, արտասահմանում, ըստ Լոս Անջելեսի «Նարեկացի» հայագիտական կենտրոնի ղեկավար Փիթեր Քաուիի, հայագիտության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է:

«Մեծ վերելք է ապրում [հայագիտությունը], մեծապես աճում է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Քաուին` որպես օրինակ բերելով իր չինացի ասպիրանտին. - «Ինքը վերցրել է Սայաթ-Նովա` որպես թեկնածուական աշխատանքի թեմա: Շատ աշխատասեր, նվիրյալ անձնավորություն է: Շատ ուրախ եմ, որ այդպիսի երիտասարդ կա: Ինձ թվում է, որ երբ ինքը հաջողությամբ վերջացնի, հետ գնա Չինաստան, նրա համար կբացեն ամբիոն, եւ դա կլինի հայագիտության կարեւոր հիմք նաեւ Չինաստանում»:

Ամերիկացի հայագետի խոսքով, հայագիտության զարգացման հեռանկար է ստեղծվել Իսպանիայում:

«Մինչեւ վերջերս դա խոպան դաշտն էր: Ես երեք իսպանացի ասպիրանտների հայերեն դաս եմ տվել Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Արդեն մի քանի տարի է իրենք նույնպես վերադարձել են հայրենիք եւ մի քանի համալսարաններում զբաղվում են հայագիտությամբ: Շատ ողջունելի է: Շատ ուրախ եմ», - ասաց Քաուին:

Հարցին, թե ինչ է հրապուրում օտարազգի երիտասարդներին, գիտնականը արձագանքեց. - «Հարուստ մշակույթը, երկար պատմությունը, շատ հետաքրքիր նյութերը` քիչ ուսումնասիրված…Մի տեսակ մարտահրավեր է. եթե ուզում ես ավելին իմանալ, ուրեմն լեզուն պետք է սովորես, պետք է հմտանաս այդ մշակույթի մեջ եւ այլ, եւ այլն: Երիտասարդները սիրում են այդպիսի մարտահրավերներ, ընդունում են եւ առաջ են գնում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG