Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը սկսում է Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցի քննության հերթական փուլը


Արդարադատության միջազգային դատարանի նստավայրը Հաագայում

Արդարադատության միջազգային դատարանի նստավայրը Հաագայում

Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանը երկուշաբթի օրվանից սկսած մինչեւ շաբաթավերջ` սեպտեմբերի 17-ը, կանցկացի Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված հայցի քննության հերթական փուլը:

Երկու տարի առաջ տեղի ունեցած օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո դատարան ներկայացրած իր դիմումում Վրաստանը Ռուսաստանին մեղադրել էր «90-ականների սկզբից սկսած Հրավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքում բնակվող վրացի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ»: Պաշտոնական Թբիլիսին դատարանին կոչ էր արել իր քաղաքացիներին պաշտպանել «ռուսական զինված ուժերի կողմից կիրառվող խտրականությունից»:

Բարձրացված հարցի համար իբրեւ ժամանակավոր լուծում Հաագայի միջազգային դատարանը 2008 թվականի հոկտեմբերին կողմերին` Ռուսաստանին ու Վրաստանին, կոչ էր արել ձեռնպահ մնալ խտրականության յուրաքանչյուր դրսեւորումից, տեղեկացնում է «Նովոստի - Գրուզիա» գործակալությունը:

«Պաշտոնական Թբիլիսին հույս ունի, որ Հաագայի միջազգային դատարանի` այսօր մեկնարկող նիստը իրենց համար դրական արդյունքներ կարձանագրի», - հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, գնահատելով Վրաստանի ներկայացրած հայցը, հայտարարել է, թե Վրաստանը «արհեստական դատական հայց է նախաձեռնել»: Պաշտոնական Թբիլիսին այդպիսով նպատակ է ունեցել «շեղել հասարակության ուշադրությունը 2008-ի պատերազմի ժամանակ միջազգային իրավունքի նորմերի` իր կողմից թույլ տված կոպիտ խախտումներից», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լսումները երկու փուլով կընթանան` երկուական օր դատարանը կլսի վրացական, երկուական օր էլ` ռուսական կողմի փաստարկները:

Այս կառույցի որոշումներին միշտ ուշադրությամբ են հետեւում այն երկրներում, որոնք վեճ են ունենում միմյանց հետ` չնայած դատարանի արձակած վճիռը պարտադիր կատարման ենթակա չէ եւ ընդամենը խորհրդատվական բնույթ է կրում:

Արդարադատության միջազգային դատարանի արձակած վերջին ամենաաղմկահարույց որոշումներից մեկն այն էր, որ Կոսովոյի անկախացումը չի հակասում միջաազգային օրենսդրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG