Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կխորացնի Թուրքիայի հետ հարաբերությունները


Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները
Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները անցած շաբաթավերջին Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ որոշել են մի կողմ թողնել տարաձայնությունները Թուրքիայի անդամակցության շուրջ եւ խորացնել այդ երկրի հետ հարաբերությունները արտաքին քաղաքականության ոլորտում։

«Նույնիսկ այն երկրները, որոնք ակնհայտ վերապահումներով են վերաբերվում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, այժմ ավելի, քան նախկինում, ընդունում են այդ երկրի ռազմավարական կարեւորությունը Եվրամիության համար», - հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը, իր հերթին, հայտարարել է. - «Եվրամիության երկրները այժմ հասկանում են, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան կառույցի երկու ամենակարեւոր գործընկերներն են»։

Հանդիպման ժամանակ արտգործնախարարները հատկապես առանձնացրել են Թուրքիայի դիվանագիտական ջանքերը Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում: «Պատկերացրեք` եթե մենք աշխատենք Թուրքիայի հետ ռազմավարական հենքի վրա ողջ աշխարհով մեկ, սա շատ հզոր համակցություն կլինի», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։

Անցած շաբաթ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի եւ Ֆինդլանդիայի արտգործնախարարները հատուկ հոդված էին հրապարակել բրիտանական հեղինակավոր Financial Times-ում` պնդելով, որ պաշտոնական Բրյուսելը պետք է նաեւ Թուրքիայի կարծիքը հաշվի առնի արտաքին քաղաքականության մի շարք հարցերի շուրջ իր որոշումներում։

«Թուրքիան թերեւս այսօր շատ ավելի մեծ ազդեցություն ունի աշխարհում, քան Եվրամիության անդամներից որեւէ մեկը, կամ` բոլորը միասին վերցրած», - հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը` հավելելով. - «Թուրքիան մեծ ներգործություն ունի Մերձավոր Արեւելքում, Պարսից ծոցում, Իրանի հետ հարաբերություններում, եւ մենք պետք է աշխատենք այդ երկրի հետ արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում»։

Հավաքին մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով հերթական անգամ Եվրամիության ամբիոնից հայտարարել է, թե պաշտոնական Անկարան ձգտում է միայն լիիրավ անդամակցության: «Թուրքիան դժգոհ է բանակցությունների տեմպից, եւ ես այստեղ եմ` այդ դժգոհությունը արտահայտելու համար», - հայտարարել է Դավութօղլուն եւ ընդգծել. - «Թուրքիան երբեք չի ընդունի լիիրավ անդամակցությանը փոխարինող կամ այլընտրանք հանդիսացող որեւէ այլ առաջարկ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG