Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Արմենիա – 2010» վարժանքը


«Արմենիա 2010» դաշտային վարժանքի բացման արարողությունը: 12-ը սեպտեմբերի, 2010թ.

«Արմենիա 2010» դաշտային վարժանքի բացման արարողությունը: 12-ը սեպտեմբերի, 2010թ.

Կոտայքի մարզի Լուսակերտ բնակավայրի մոտ կիրակի օրը մեկնարկել է ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Արմենիա-2010» վարժանքը:

Վարժանքը տեւելու է մինչեւ սեպտեմեբերի 17-ը: Մասնակցում են 28 երկրների եւ 5 միջազգային կազմակերպությունների 333 ներկայացուցիչներ: Մի փոքր ավելի ներկայացուցիչներ ունի Հայաստանը:

ՆԱՏՕ-ի կողմից վարժանքը համակարգում է Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը, իսկ Հայաստանի կողմից` Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Սա շատ կարեւոր է զորավարժանքներ են, որովհետեւ առաջին անգամ են [անցկացվում] Հայաստանի Հանրապետության տարածքում», - լրագրողներին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` շարունակելով. - «Ես գտնում եմ, որ մենք սովորելու բան ունենք: Ճիշտ է, իրենք էլ որոշակի բաներ մեզանից սովորելու ունեն: Բայց ուսումնավարժանքները ես շատ եմ կարեւորում, որովհետեւ աղետների ռիսկերի նվազեցումը մեր երկիրը մեկ քայլ եւս տանում է առաջ»:

Համաձայն վարժանքների սցենարի` սեպտեմբերի 11-ին առավոտյան 9:05-ին Աբովյան քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արեւելք երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնում երկրաշարժի հզորությունը կազմել է 9-10 բալլ: Կան մեծ թվով տուժածներ, հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան, բազմաթիվ են փլուզված շինությունները: Վթարներ են առաջացել կապի, գազամատակարարման, էներգամատակարարման համակարգերում եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Առաջացել են հրդեհների բազմաթիվ օջախներ: Հայաստանն իր բոլոր կարողությունները կենտրոնացրել է աղետի այդ գոտում, սակայն դրանք բավարար չեն հետեւանքները վերացնելու համար, ուստի Երեւանը դիմել է միջազգային հանրության օգնությանը: Արդյունքում վերը նշված 28 երկրները փրկարար ջոկատներ են ուղարկել Հայաստան:

«Հայաստանի Հանրապետության տարածքում համարյա բոլոր աղետները կան, բացի ցունամիներից: Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր աղետներին դիմագրավելու: Դա մենք պետք է անենք բոլոր նախարարություններով, գերատեսչություններով, միջազգային կազմակերպություններով, հասարակական կազմակերպություններով, բոլորս միասին պետք է անենք», - նշեց նախարար Երիցյանը:

Վարժանքներն իրականացվելու են 11 վայրերում, որտեղ, ըստ սցենարի, կան փլուզումներ, վթարներ` «Զվարթնոց» օդանավակայանում, քիմիական մի գործարանաում, ջրի մաքրման գործարանում, Արզնու դաշտային հիվանդանոցում եւ այլուր:

Հարցին, թե հայկական կողմը ինչ ուղղություններով է ձգտելու կատարելագործել իր կարողությունները, Արմեն Երիցյանը պատասխանեց. - «Դա պարզ կլինի ամսի 14-15-ին: Դա ամբողջը գաղտնիք է»::

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր բոլոր թիմերն արդեն ավարտել են նախապատրաստական աշխատանքները. ձեւավորվել են փրկարարական աշխատանքները համակարգող մարմինները, ինչպես նաեւ հանրային իրազեկման խումբը, որը տեղեկատվություն է տրամադրելու թե´ փրկարարական աշխատանքներն իրականացնողներին, թե´ բնակչությանը, թե´ լրատվամիջոցներին:

Վաղվանից սկսվելու է «Արմենիա-2010» վարժանքի երկրորդ փուլը:

«Գործնական աշխատանքներ են տեղի ունենալու»,- մանրամասնեց Գրիգորյանը: - «Հայտարարվելու է, որ երկրաշարժը տեղի է ունեցել: Տեղամասերից յուրաքանչյուրում կան փրկարարական խմբեր, վարակազերծման խմբեր, տարհանման խմբեր, որոնք պիտի գործեն եւ իրականացնեն պրակտիկ աշխատանքները»:

Նշենք, որ Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող միջազգային այս վարժանքին հրաժարվել էր մասնակցել Ադրբեջանը, թեեւ, ինչպես լրագրողներին փոխանցեց նախարար Արմեն Երիցյանը, հրավեր ադրբեջանական կողմին ուղարկվել է:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ վարժանքին մասնակցում է Թուրքիայի պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ «Արմենիա-2010»-ին մեկնարկին նախորդած ժամանակահատվածում թուրքական մամուլը գրում էր, թե վարժանքի ընթացքում հայ-թուրքական սահմանը, հավանաբար, ժամանակավորապես կբացվի, որպեսզի թուրքական փրկարարական ջոկատը եւ պատվիրակության մյուս անդամները Հայաստան մուտք գործեն հայ-թուրքական սահմանով: Սակայն, ինչպես հայտնի է, սահմանն այդպես էլ փակ մնաց:

Եվ վերջում` ուշագրավ եւս մեկ հանգամանք. Հայաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող վարժանքին մասնակցում է նաեւ Ռուսաստանի պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG