Մատչելիության հղումներ

«Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները կարող են փոխել իրավիճակը հայ - թուրքական հարցում»


«Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցները կուսակցության Ստամբուլի գրասենյակի մոտ հետեւում են հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակմանը, 12-ը սեպտեմբերի, 2010թ.
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցները կուսակցության Ստամբուլի գրասենյակի մոտ հետեւում են հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակմանը, 12-ը սեպտեմբերի, 2010թ.
Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդունումը, Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ, կարող է փոխել իրավիճակը հայ - թուրքական հարաբերությունների հարթությունում:

Միաժամանակ, ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ սահմանադրական հանրաքվեով հաղթանակ արձանագրած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2011 թվականին իր դիրքերն ամրապնդի Թուրքիայի խորհրդարանի, չի բացառվում` արտահերթ ընտրությունների արդյունքում եւս:

«Եթե իշխող կուսակցությունը հաղթանակ տանի, ապա Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կարող են շարունակվել արդեն սկսված կետից: Այսինքն, եթե Թուրքիայում իշխանության չգա նոր ուժ, ես կարծում եմ, որ Հայաստան - Թուրքիա հարաբերությունները սկսված սկզբնակետից կարող են շարունակվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը` հավելելով. - «Իհարկե, նաեւ այն դեպքում, եթե Թուրքիայի իշխող կուսակցությունը եւ քաղաքական վերնախավը ցուցաբերի քաղաքական կամք` շարունակեն Հայաստան - Թուրքիա հարաբերությունները»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջիկա երկու տարում ձգտելու է զերծ մնալ հայ - թուրքական հարաբերություններն ակտիվացնելու փորձերից, քանի դեռ թուրք ազգայնականների դիրքորոշումը կարող է սպառնալիք հանդիսանալ նրա քաղաքական նպատակների իրագործման համար:

Հայ - թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակը, ըստ թուրքագետի, կարող է փոխվել 2012 թվականին: «Էրդողանը հույս ունի 2012-ին ընտրվել նախագահ: Եթե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ավելի ամրապնդի իր իշխանությունը Թուրքիայում, ապա կարելի է ասել, որ նա կկարողանա ինչ-ինչ քայլեր անել հայ - թուրքական սահմանի վերաբացման եւ հայ - թուրքական հարաբերությունների ավելի կանոնակարգման ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց թուրքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG