Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականին ընդունել է Հայաստանի նախագահը


ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել ռազմաքաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում հայ - ամերիկյան գործակցությունից` կարեւորելով նաեւ Հայաստան - ԱՄՆ տնտեսական համագործակցության զարգացման եւ առեւտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:

Սերժ Սարգսյանի հավաստմամբ` Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման կարեւոր գործոն:

Սերժ Սարգսյանը եւ Թինա Քայդանաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկյան ներգրավվածությունը: Հանդիպման մասնակիցները կարեւորել են Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը` հույս հայտնելով, որ այդ ձեւաչափով ընթացող բանակցությունները կտան անհրաժեշտ արդյունք:

Նախօրեին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG