Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը հավատարիմ է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը»


Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` երեկ ընդունելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` «Թինա Քեյդենաուն համամիտ էր, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, եւ հարցն այլ ատյաններում բարձրացնելը չի կարող օգտակար լինել կարգավորման գործընթացի համար»:

Նույն օրը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին ընդունել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Օհանյանը եւ Քեյդենաուն քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարեւորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարեւոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:

Թինա Քեյդենաուն կարեւորել է Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, եւ հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG