Մատչելիության հղումներ

Թուրքերի 58 տոկոսը կողմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումներին


Քվեարկությունը Անկարայի տեղամասերից մեկում, 12-ը սեպտեմբերի, 2010թ.

Քվեարկությունը Անկարայի տեղամասերից մեկում, 12-ը սեպտեմբերի, 2010թ.

Թուրքիայում կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը հավանության արժանացրեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթը:

Այսպիսով, զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում կտրուկ կերպով նվազում է: Լիազորությունների մեծ մասից զրկվում են ռազմական դատարանները, Սահմանադրական դատարանի անդամների թիվը 11-ից կհասնի 17-ի, դատավորների մի մասին էլ կնշանակեն խորհրդարանի անդամները:

Քվեների 99 տոկոսի հաշվարկի արդյունքները հրապարակելուց հաշվված րոպեներ անց իշխող կուսակցության Ստամբուլի կենտրոնակայանում հավաքված կողմնակիցներին ճառով դիմեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք մի նոր լուսաբացի ականատեսն ենք դառնում` Թուրքիայի 73 միլիոն քաղաքացիները, 81 վիլայեթները դառնում են այս նոր արեւածագի ականատեսը: Ես չեմ կարծում, որ այսօր տեղի ունեցածը միայն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակն է: Սա նաեւ այն մարդկանց հաղթանակն է, որոնք դեմ քվեարկեցին սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունն ու ազատությունը բոլորի համար են», - հայտարարեց Էրդողանը:

Թուրքիայի մի շարք շրջաններում, սակայն, քվեարկությունն ուղեկցվում էր կատաղի ընդհարումներով` քրդական բնակչության եւ ոստիկանների միջեւ:

Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությունը ավելի վաղ կոչ էր արել իր կողմնակիցներին բոյկոտել քվեարկությունը, պնդելով, թե սահմանադրական բարեփոխումների փաթեթը չի ապահովում երկրի խոշորագույն ազգային փոքրամասնության շահերի լիակատար պաշտպանությունը:

Քվեարկության օրը բախումներ արձանագրվեցին Վանում, Մերսինում, Ադանայում, Ուրֆայում, Ստամբուլի մի շարք թաղամասերում:

Մի շարք քրդաբնակ շրջաններում Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության ներկայացուցիչները նաեւ խախտումներ հայտնաբերեցին: Նրանք պնդում էին, որ իշխանության կողմնակիցները արհեստականորեն բարձրացնում են քրդաբնակ շրջաններում քվեարկության մասնակիցների թիվը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներից մեկը քրդաբնակ Ուրֆայում ընտրողների կազմակերպված խմբեր էր հայտնաբերել, որոնք տեղամասից տեղամաս էին շրջում` հերթով քվեարկելով դրանցից յուրաքանչյուրում:

Բայց նույնիսկ տեղերում իրականացված այս գործողություններից հետո էլ քրդական շրջաններում ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր էր. Վանում այն կազմեց 43, իսկ Թուրքական Քուրդիստանի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում` ընդամենը 35 տոկոս:

Թուրքական աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ բավական ցածր է եղել քվեարկողների ակտիվությունը Հայաստանին սահմանակից շրջաններում` Իգդիրում, Կարսում, Աղրըում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG