Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 11-ի մամուլ


Մեկնաբանելով գազի հետագա թանկացման մասին հաղորդումները՝ «Ժամանակ»-ի խմբագրական արձագանքում է. - «Թանկացման համար ռուսներին մեղադրելն առնվազն մոլորություն է, քանի որ Ռուսաստանը գոնե այդ հարցում տարիներ շարունակ, թեկուզեւ Հայաստանի ինքնիշխանությունը փոշիացնող տարատեսակ գործարքներով, սակայն արտոնյալ գներ է սահմանել Հայաստանի համար»։

Մեկնաբանելով գազի հետագա թանկացման մասին հաղորդումները՝ «Ժամանակ»-ի խմբագրական արձագանքում է. - «Թանկացման համար ռուսներին մեղադրելն առնվազն մոլորություն է, քանի որ Ռուսաստանը գոնե այդ հարցում տարիներ շարունակ, թեկուզեւ Հայաստանի ինքնիշխանությունը փոշիացնող տարատեսակ գործարքներով, սակայն արտոնյալ գներ է սահմանել Հայաստանի համար։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ է արել Հայաստանն այս տարիների ընթացքում, որ օգտվի այդ նվազ թանկացումների ժամանակաշրջանից, ամրացնի իր տնտեսությունը, այն պատրաստի շուկայական գնին, բնակչության եւ տնտեսության վճարունակությունը բարձրացնի, որպեսզի ամբողջ կյանքը ստիպված չլինի գազի գինը մի փոքր զսպելու համար մի կտոր էլ զիջել Հայաստանի անկախությունից։ Պատասխանը պարզ է՝ ոչինչ։ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի արել մատչելի գազի տարիներին, որպեսզի թանկացումը կամաց-կամաց դառնա արդեն նվազ սարսափելի թե՛ տնտեսության զարգացման արգելակման, թե՛ բնակչության սոցիալական վիճակի ծանրացման առումով»։

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը փաստարկում է, որ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ. - «Ակնհայտ է, որ ներքաղաքական առումով, այսինքն՝ իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ պայմանական եռանկյունու վրա մեզանում իրավիճակը ներկայումս բնութագրվում է բոլորովին էլ ոչ «հեղափոխական իրավիճակին» բնորոշ չափորոշիչներով։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ամենեւին էլ պայծառ չէ, բայց Հայաստանում գոյություն չունի ծայրաստիճան ունեզրկվածների մի այնպիսի զանգված, որը կարող է հեղափոխություն անել, ասենք, Ղրղըզստանում արձանագրված սոցիալական բունտի սցենարով։ Փորձենք պարզել՝ հնարավո՞ր է Հայաստանում մեկ այլ տարբերակով «հեղափոխության», իրականում հեղաշրջման իրականացում՝ վրացական, ուկրաինական կամ որեւէ այլ բնորդի նմանակումով։ Հիշենք, որ նման տարբերակը ենթադրում է «թույլ իշխանություն-ուժեղ ընդդիմություն» բանաձեւի պարտադիր գոյություն։ Սակայն Հայաստանի ներքաղաքական կացության յուրահատկությունը հենց այն է, որ մեզանում այսօր հստակորեն գործում է վրացական եւ ուկրաինական տարբերակների ճիշտ հակառակ, այսինքն՝ «ուժեղ իշխանություն-թույլ ընդդիմություն» բանաձեւը»։

«Չորրորդ ինքնիշխանության» գնահատմամբ, Հայաստանի ամենակոռումպացված ոլորտը բուն քաղաքական դաշտն է. - «Հայաստանում, ինչպես հայտնի է, սիրում են պայքարել կոռուպցիայի դեմ։ Որեւէ արդյունք դա, իհարկե, չի տալիս, բայց ամեն դեպքում՝ պայքարը գնալով թեժանում է։ Իսկ գիտե՞ք, թե որն է Հայաստանի ամենակոռումպացված ոլորտը։ Ճիշտ է, քաղաքական դաշտը։ Ամենակոռումպացված կառույցներն էլ, համապատասխանաբար, կուսակցություններն են։ Այս դաշտում ընդհանրապես օրենքները չեն գործում (մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ), այստեղ իշխանությունները կարող են «ծանոթի միջոցով» ինչ-որ ուժերի հռչակել ընդդիմություն, տեղեր հատկացնել խորհրդարանում, այս կամ այն «գործչին» շարժական գույքի պես տեղափոխել կուսակցությունից կուսակցություն եւ այլն։ Բոլորն էլ հասկանում են, որ այդ ամենը կեղծիք է, որ քաղաքական ուժերի միջեւ պայքարն առանձնապես չի տարբերվում, ասենք, որեւէ խոշոր շինարարության համար հայտարարված «մրցույթից» (որտեղ հաղթողը նախապես հայտնի է), բայց դրանից, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում։ Ճիշտ եւ ճիշտ կոռուպցիայի դեմ պայքարի պես»։


«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Երեկ, կեսօրին մոտ, Արարատի մարզում գտնվող զորամասերից մեկում, որը հայտնի է ավելի շատ «Զանգակատան զորամաս» անունով, եւ որտեղ ծառայում են պայմանագրային հիմունքներով զինծառայողները, դժգոհության ալիք էր բարձրացել։ Զորամասի հարեւանությամբ ապրող տների բնակիչները, ովքեր միգ ու բանջարեղեն են վաճառում, «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին հայտնել էին, թե զինվորների բողոքի պատճառն այն է, որ եթե մինչ օրս իրենց թույլ էին տալիս տնից սնունդ, ծխախոտ ու հագուստ բերել, ապա հիմա զորամասի ղեկավարությունն արգելել է դա՝ հայտարարելով, թե զինվորները պետք է օգտվեն զինվորական ճաշարանից ու հանդերձանքից։ Ըմբոստության ակցիան ստիպել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ կորպուսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մեկնել զորամաս։ Պայմանագրային զինծառայողները տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել նաեւ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին»։
«Նման պետությունում ուրանի հանքավայրերի շահագործումն անթույլատրելի է։ Ավելին՝ եվրոպական երկրներում կառավարությունը նման ծրագիր չէր անի, սա հակապետական ծրագիր է», - «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին երեկ Կապանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG