Մատչելիության հղումներ

Ներկայացվեց Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի Հայաստանի ազգային զեկույցը


Ուրբաթ օրը AVAG Solutions խորհրդատվական ընկերությունը Երեւանում ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի ազգային զեկույցը»։

Ըստ ընկերության ներկայացուցիչ Նաիրուհի Ջրբաշյանի, Հայաստանը հռչակագրում արտացոլված ութ նպատակներից միայն երկուսի դեպքում կկարողանա ապահովել բարելավված ցուցանիշներ։

«Հազարամյակի զարգացման երկու նպատակ՝ պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ, եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովում, իրենց բոլոր թիրախներով, կարծես թե, հիմնախնդրային չեն, եւ երկիրը կարող է 2015-ին հասնել դրված թիրախներին», - ասաց Ջրբաշյանը։ - «Հազարամյակի զարգացման մնացյալ նպատակների թիրախները կամ դժվարությամբ հասանելի կլինեն, կամ, ամենայն հավանականությամբ, հասանելի չեն լինի, եւ շատ կարեւոր է հոգածության ցուցաբերումը դրանց իրականացման համար», - հավելեց AVAG Solutions ընկերության ներկայացուցիչը։

Հազարամյակի զարգացման մնացած վեց նպատակներն են՝ ծայրահեղ աղքատության եւ սովի վերացումը, տարրական համընդհանուր կրթության ձեռքբերումը, գենդերային հավասարության օժանդակությունը եւ կանանց լիազորությունների ընդլայնումը, երեխաների մահացության նվազեցումը, մայրական առողջության բարելավումն ու զարգացման համար գլոբալ համագործակցության ստեղծումը։

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, սակայն, կարծում է, որ շրջակա միջավայրի պահպանության հարցում նույնպես բարելավման ցուցանիշներ չեն գրանցվում եւ կասկածելի է համարում զեկույցում տեղ գտած ցուցանիշները։

«Հատկապես անտառների հարցով մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Սեւանա լճի մակարդակը մենք կապահովենք, բայց ջրի որակը մեծ հարցականի տակ է։ Այստեղ խնդիրներ կան եւ քննարկման լուրջ նյութ կա, որ ապագա զեկույցներում ավելի ռեալ թվեր ներկայացնենք», - ասաց Դանիելյանը։

Զեկույցը նաեւ փաստում է, որ լրջագույն մարտահրավերներից է մնում հասարակության բեւեռացումը՝ ամենաաղքատ եւ ամենահարուստ բնակչության եկամուտների միջեւ տարբերությունը ահռելի է, որի հիմնական պատճառներից մեկն է համարվում մենաշնորհների առկայությունը երկրի տնտեսության մեջ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը մենաշնորհների դեմ պայքարի համար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանեց՝ «իհարկե, ամեն ինչ արվում է, որպեսզի մենաշնորհներ չլինեն»։

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների հռչակագրին» 2000 թվականին եւ 188 այլ երկրների հետ միասին մինչեւ 2015 թվականը պարտավորվել որոշակի առաջընթաց ապահովել հռչակագրում նշված 8 նպատակների, հատկապես՝ աղքատության եւ անհավասարության կրճատման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG