Մատչելիության հղումներ

logo-print

Այս տարի կոմպոզիտոր դառնալու ցանկություն հայտնել է ընդամենը մի պատանի


2010-ի կոմպոզիցիայի բաժնի միակ առաջին կուրսեցի Հովհաննեսը

2010-ի կոմպոզիցիայի բաժնի միակ առաջին կուրսեցի Հովհաննեսը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա այս տարի ընդունվել է 170 դիմորդ: Անցյալ տարիների համեմատ` դիմորդների թիվը կրճատվել է շուրջ 70-80-ով: Կոնսերվատորիայի որոշ բաժիններում թափուր տեղեր ունենալու հիմնական պատճառը ռեկտոր Սերգեյ Սարաջյանը համարում է հասարակության մեջ հետաքրքրության պակասը երաժշտական կրթության հանդեպ:

«Տասնամյակը այս տարի ավարտեց 21 դաշնակահար, բայց ընդունվեց ընդամենը 9-ը: Նույնը կատարվում է ուսումնարաններում», - պատմեց կոնսերվատորիայի ռեկտորը:

Ստեղծագործական այս բուհում թափուր տեղերի առկայության ոչ պակաս կարեւոր պատճառ կարող են լինել բարձր վարձավճարները: Պետության դոտացիայից օգտվում են թավջութակի եւ ժողգործիքների ֆակուլտետները, մյուս բաժիններում վարձավճարները շարունակում են մնալ բարձր: Կոնսերվատորիայում վճարովի հիմունքով սովորող ուսանողները անցյալ տարվանից վճարում են տարեկան 600.000 դրամ:

«Վարձը ցածրացնել չենք կարող, որովհետեւ ընդհանրապես երաժշտություն սովորելը թանկ հաճույք է», - ասում է Սերգեյ Սարաջյանը:

Վերջին տարիներին ամենամեծ պահանջարկն ունեն ջազային, դուդուկի եւ վոկալի բաժինները: Դասական երաժշտությամբ հետաքրքրվողները տարեցտարի պակասում են: Այս տարվա ընդունելության քննությունները որոշ բաժիններում անցկացվել են մեկ կամ մի քանի ուսանողի քննելով: Օրինակ` կոմպոզիցիայի բաժնի առաջին կուրսում այս տարի սովորում է ընդամենը մեկ ուսանող Ղարաբաղից:

3 տարեկանից նոտաներին տիրապետող, 8 տարեկանից դաշնամուրի եւ վոկալի բաժնում սովորող, 11 տարեկանից թավջութակ նվագող, իսկ վերջին 2 տարում էլ կոմպոզիտոր դառնալ որոշած Հովհաննեսը կոմպոզիցիայի բաժնի միակ առաջին կուրսեցին է:

Հովհաննեսի առաջին ստեղծագործությունը 14 րոպե տեւողություն ունի: Ընդունելության քննությանը հենց իր գրած դաշնամուրային կվինտետն է ներկայացրել:

«Իմ միակ մտավախությունն այն է, թե ով պիտի հետագայում կատարի իմ ստեղծագործությունները: Կարծում եմ` բոլոր կոմպոզիտորներն էլ մշտապես անհանգստանում են` կկարողանա՞ն իրենց գործունեությամբ ֆինանսական միջոցներ հայթայթել», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը:

Կոնսերվատորիայում թափուր տեղերի գայթակղությունը հաջորդ տարի միգուցե շատերին գրավի դեպի այս բուհ: Սակայն բուհի ղեկավարությունը վստահեցնում է, որ դիմորդների պակասից ընդունելության քննությունները չեն հեշտանում:

XS
SM
MD
LG