Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունը բացառում է Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի եւ համանախագահների դաշտային առաքելության կապը


Հայաստանի արտգործնախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը իր ներկայացրած բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից հանել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ճնշման տակ։

Հինգշաբթի երեկոյան, մեկնաբանելով «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելու մասին որոշումը, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը ասել է, որ պատճառը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ մեկնելու որոշումն է: Նա նաեւ հույս է հայտնել, որ համանախագահների դաշտային առաքելության արդյունքը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ նշված է, որ այդ պայմանավորվածությունը Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության վերաբերյալ ձեռք է բերվել ամառվանից առաջ։ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այդ բանաձեւի նախագիծը ներկայացրել է հունիսի վերջին։ Այսինքն պայմանավորվածությունը ձեռք է բերվել շաբաթներ առաջ այդ բանաձեւի նախագծի ներկայացումից։ Հետեւաբար՝ որեւէ կապ կամ տրամաբանական շղթա տեսնելը այդտեղ անիրական է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը հայտարարեց արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Նույն միտքը ավելի վաղ հնչել էր Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը քննարկումից հանելու կապակցությամբ հինգշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ մասնավորապես, ասվում է. - «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը»։

Հայաստանի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը բանաձեւի քննարկումը հետաձգելու եւ տարածաշրջան փաստահավաք խումբ ուղարկելու ԵԱՀԿ-ի նախաձեռնության միջեւ կապ տեսնում է՝ ընդգծելով, որ դա բանաձեւի կարեւոր տարրերից մեկն էր։

«Այն, ինչ պահանջում էր Ադրբեջանը՝ ստացել է եւ այս պահին նպատակահարմար չի գտնում հարցը դնել քվեարկության», - ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ բանաձեւի քննարկումը ոչ թե հանվել է օրակարգից, այլ տեղափոխվել է երեքշաբթի օրը մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգ։

«Այսինքն, օրակարգում է երեքշաբթի օրվանից մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի։ Այդ հարցը նորից լինելու է դամոկլյան սրի պես կախված մեր վրա», - պարզաբանեց Ալեքսանդր Արզումանյանը։

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, տեղի ունեցածը Ադրբեջանի «տապալում» է համարում։

«Ադրբեջանը ընդունեց իր կապիտուլիացիան, որովհետեւ եթե նա բանաձեւը մտցներ օրակարգ եւ մինչեւ վերջ գնար, սա գործնականում կխոսեր այն մասին, որ Ադրբեջանը դուրս է գալիս բանակցություններից, իսկ այն կողմը, որը դուրս է գալիս բանակցություններից, շատ լուրջ պրոբլեմներ կունենա միջազգային հանրության հետ», - հայտարարեց Շարմազանովը։
XS
SM
MD
LG