Մատչելիության հղումներ

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհում տնտեսական գործունեություն սկսելու համար լավագույն երկրների ցանկը, որտեղ Հայաստանը 96-րդ տեղում է հայտնվել: Նախորդ տարի Հայաստանն այս ցուցակում 94-ն էր:

Այս տարի ուսումնասիրվել է իրավիճակը աշխարհի 128 երկրներում:

Ընդհանուր արդյունքների ստացման համար դիտարկվում են մի քանի բաղադրիչներ, ներառյալ` երկրի բնակչության թիվը, մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը, առեւտրի ծավալները:

Հեղինակավոր պարբերականը ուսումնասիրում է նաեւ երկրի տնտեսությանն առնչվող այլ բաղադրիչներ, մասնավորապես` Հայաստանում ամենամտահոգիչը համարելով հարկային բեռի ծանրությունը, նաեւ` սեփականության իրավունքի խնդիրը. այստեղ Հայաստանը 106-րդ արդյունքն է գրանցել, երկրում կոռուպցիոն երեւույթների առկայության իմաստով` 95-րդը: Ներդրումների պաշտպանվածության առումով Հայաստանը 74-րդ տեղում է:

«Մի քանի տարիների ընթացքում արձանագրված երկնիշ տնտեսական աճից հետո, Հայաստանը այսօր դիմակայում է լուրջ տնտեսական անկմանը», - գրել է Forbes-ը, նշելով, թե Հայաստանում 2009 թվականին համախառն ներքին արդյունքի առնվազն 15 տոկոս նվազում է արձանագրվել` չնայած խոշորածավալ վարկերին, որ կառավարությունը վերցրել էր դոնոր կազմակերպություններից եւ օտար պետություններից:

Անկումային նման կտրուկ տեմպերի հիմնական պատճառը պարբերականը համարել է շինարարության եւ արտերկրից, մասնավորապես` Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների` տրանսֆերտների ծավալների շեշտակի նվազումը:

Հայաստանը, խորհուրդ է տալիս հեղինակավոր պարբերականը, պետք է հետամուտ լինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների, որպեսզի վերականգնի տնտեսական աճը եւ կատարելագործի տնտեսական մրցունակության եւ զբաղվածության հնարավորությունները, հատկապես` հաշվի առնելով իր երկու ամենամոտ հարեւանների կողմից` Թուրքիայից եւ Ադրբեջանից տնտեսական մեկուսացման գոյություն ունեցող խնդիրը:

Բիզնես հիմնելու առումով նախկին խորհրդային երկրներից ամենահարմարը Forbes-ը համարել է Բալթյան երկրները:

Հարեւանները նույնպես Հայաստանից առաջ են անցել` Վրաստանը 61-րդն է, Ադրբեջանը` 79-րդը:

Հայաստանից հետո` 97-րդը Ռուսաստանն է հիշատակված:

Նախորդ տարվա նման, առեւտուր սկսելու համար ամենաբարենպատ պայմանները աշխարհում, Forbes-ի հավաստմամբ, Դանիան է ստեղծում: Երկրորդ տեղում է հայտնվել Հոնկոնգը, երրորդը Նոր Զելանդիան է:

Ցուցակում վերջին պետությունը Վենեսուելան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG