Մատչելիության հղումներ

Հայաստանը շնորհակալ է բոլոր այն երկրներին, որոնք «թույլ չտվեցին ապակառուցողական բանաձեւի ընդունումը»


Ադրբեջանի կողմից թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի քննարկումից եւ քվեարկությունից հանելու կապակցությամբ հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը:

«Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված բանաձեւի նախագծի հետ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ նշեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջեւ ամառվանից առաջ, այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձեւի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ», - ընդգծում է Հայաստանի արտգործնախարարությունը` ամփոփելով. - «Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական եւ արդյունավետ ընթացք ունենա»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG