Մատչելիության հղումներ

logo-print

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքներն ու մտահոգություններ են հնչեցնում Հայաստանի Զինված ուժերում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկություններով, վերջին երկու ամիսների ընթացքում Զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհվել է 10 զինծառայող: Մահվան ելքով դեպքերի մի մասը, ըստ պաշտոնական աղբյուրների, ինքնասպանություններ են:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով երեկ Վայքի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանի մահվան (նախնական տեղեկություններով` ինքնասպանության) փաստին, ասաց. - «Այսպես կոչված ինքնասպանության վարկածը կամ փաստը, երբ որ հանդիսանում է օրինաչափության մի շղթան, ավելի շուտ ցույց է տալիս բանակում, զինված ուժերում տիրող հակամարդկային մթնոլորտի մասի»:

Իրավապաշտպանի խոսքով, այս շղթայի շարունակությունը պետք է որ անհանգստացնի բանակի ղեկավարությանը եւ ստիպի արմատական գործողություններ կատարել` իրավիճակը փոխելու ուղղությամբ:

Արթուր Սաքունցը թերահավատ է այդ առումով: «Որովհետեւ նախորդ դեպքերի վերաբերյալ նրանց պահվածքը հիմք չի տալիս լավատեսորեն տրամադրվել: Բանակի ղեկավարությունը եւ իշխանությունը շարունակում են իրենց նախկին գործելակերպը` կոծկել հանցագործությունները», - փաստարկեց նա:

Հայաստանի հելսինյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի կարծիքով, գրեթե անհնարին է բանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն, քանի որ դա «փակ համակարգ է»:

Բանակում, նրա խոսքով, չպետք է լինեն քրեական աշխարհին բնորոշ երեւույթներ. - «Եթե կա հասկացողություն «չաստ նայող», ուրեմն խոսել, թե ինչ-որ բան ուզում են փոխել կամ փոխվել է բանակում` անիմաստ է»:

Հարցին, թե հնարավո՞ր է բանակում առկա խնդիրները լուծել հասարակական կազմակերպությունների ճնշման եւ վերահսկողության ներքո, իրավապաշտպանը արձագանքեց.- «Ինձ թվում է` այո»:

Արթուր Սաքունցի կարծիքով, բանակում իրավիճակը փոխելու, հանրությանը հաշվետու լինելու «հասարակական պահանջ» պետք է լինի:

«Ինձ ավելի շատ մտահոգում է ոչ միայն քաղաքացիական իրական վերահսկողության բացակայությունը Զինված ուժերի նկատմամբ, այլ Զինված ուժերում հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմինների ոչ լիարժեք պահվածքը: Այսինքն` երբ որ նրանք իրենց գործառույթները իրականացնում են ոչ թե հանցագործությունը բացահայտելու, այլ հանցագործությունները կոծկելու»:

Այս կապակցությամբ Միքայել Դանիելյանը հիշատակեց անցյալ տարի խոշտանգումների հետեւանքով բանակում մահացած զինծառայող Անդրանիկ Հայրապետյանի դեպքը: Փոխգնդապետ Արթուր Պողոսյանը, ով խոշտանգումների համար դատապարտվել էր 3.5տարվա ազատազրկման, ըստ իրավապաշտպանի, համաներմամբ ազատ է արձակվել ու շարունակում է ծառայությունը նույն զորամասում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG