Մատչելիության հղումներ

Հայաստանի գործարարները պետական մարմինների ոչ արդյունավետ գործունեությունը համարում են իրենց ոլորտի թիվ մեկ խոչընդոտը։ Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Տնտեսություն եւ արժեքներ հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

Վերջինս նման հայտարարություն արեց` ներկայացնելով 2010-2011թթ. Համաշխարհային տնտեսական ֆորումի համար նախատեսված Մրցունակության համաշխարհային զեկույցում տեղ գտած հետազոտությունները:

Զեկույցը ներկայացնում է 139 երկրների մրցունակության աստիճանները. Հայաստանը ստացել է 98-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ցուցանիշը վատացել է 1 տեղով` չնայած արձանագրված են որոշ բարելավումներ, եւ նախորդ տարի ուսումնասիրվել են 133 երկրներ:

«Մեր միավորը աճում է, բայց շատ ավելի դանդաղ, քան մյուսների միավորը։ Մրցունակության այս ցուցանիշը ցույց է տալիս, որ մեր տնտեսության ֆունդամենտալ կառուցվածքում խնդիրներ կան», - հայտարարեց Հերգնյանը։

Ըստ զեկույցի, անցած հինգ տարիներին, այլ երկրների համեմատ, Հայաստանի մրցունակությունը վատացել է: Եթե 2005 թվականին Հայաստանը գտնվում էր 79-րդ տեղում, այս տարի` 98-րդ: Բացի այդ, հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը մրցունակության ցուցանիշներով առաջ են Հայաստանից. Ադրբեջանը այս տարի զբաղեցրել է 57-րդ տեղը, Վրաստանը` 93-րդ:

«Ֆորմալ մասում, փաստորեն, կառավարությունը բավական լուրջ քայլեր է իրականացնում, եւ այդ առումով դրանց արտացոլումը տեսնում ենք վարկանիշներում։ Բայց երբ խնդիրը գալիս է կիրառմանը, խնդիրները սկսվում են այստեղ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչքանով են արդյունավետ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը` բարելավելու Հանրապետության մրցունակությունը ասաց Տնտեսություն եւ արժեքներ հետազոտական կենտրոնի նախագահը։

Մանուկ Հերգնյանը այսպիսով մեկնաբանում է այն հանգամանքը, որ չնայած անցած տարի Համաշխարհային բանկի պատրաստած «Doing Business 2010» զեկույցի համաձայն Հայաստանը բարելավել է իր դիրքերը եւ գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշում 183 երկրների շարքում զբաղեցրել 43-րդ տեղը, սակայն մրցունակությամբ շարունակում է նահանջ ապրել։
XS
SM
MD
LG